Մեզ պետք են մի քիչ ավելի առարկայական միջազգային երաշխիքներ, Մինսկի խմբի ֆորմատը չբերեց նրան, որ պատերազմ չլինի.Արսենյան

Խաղաղության գործընթացն իրականացնելուց պետք են մի քիչ ավելի առարկայական եւ մի քիչ ավելի շոշափելի միջազգային երաշխիքներ, որովհետեւ կար Մինսկի խումբը, կար համանախագահների ֆորմատը, սակայն այդ ֆորմատի առկայությունը չբերեց նրան, որ պատերազմ չլինի: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
«Իհարկե, պատերազմը տեղի ունեցավ նաեւ որոշ այլ գործոնների համընկնման պատճառով, բայց այն տեղի ունեցավ: Դրա համար միջազգային հուսալի երաշխիքների առկայությունը այն թեզն է, որը մենք անընդհատ պնդելու ենք բանակցություններում: Կարծում եմ՝ ինչ-որ մի պահի կկարողանանք տանալ որոշակի առաջարկներ»,-ասաց նա:
Հարցին՝ միջազգային երաշխիքները վերաբերում են խաղաղության երաշխավորմա՞նը, թե՞ Բաքու-Ստեփանակերտ երխոսությանը, Արսենյանը պատասխանեց. «Մենք ունենք երկու բաղադրիչ. Մեզ համար առաջնայինը Հայաստանի հարցն է, մենք քննարկում ենք Հայաստանի հարցը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը: Առաջնայինը դա է, Արցախը հանդիսանում է այդ օրակարգի բաղադրիչ:
Մենք ուզում ենք հասկանալ, որ խաղաղության պայմանագիր կնքելու պարագայում հարաբերությունների կարգավորման ընթացքը կունենա նաեւ երաշխավոր, որովհետեւ մեր հարաբերությունները 30 տարվա ընթացքում բարդ ու խրթին են եղել:
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն էլ պետք է ունենա միջազգային բաղադրիչ, որը հումանիտար բլոկի բաղադրիչ է»: