Նորություններ

Գյումրիում մսավաճառները անորոշ ժամանակով գործադուլ են հայտարարել

Մայիսի 22-ի առավոտվանից Գյումրիի մսավաճառները անորոշ ժամանակով գործադուլ են հայտարարել և բողոքով գնացել Շիրակի մարզպետարան: Խնդիրն այն է, որ մոտ 1 ամիս է Գյումրիի կենտրոնական շուկայում միս վաճառողներին սննդամթերքի անվտանգության տեսչությունը տուգանում է ոչ սպանդանոցային միս վաճառելու համար: Ըստ մսավաճառների՝ տուգանքի չափը 100.000 դրամից մինչև 300.000 դրամ է կազմում, մարդիկ կան, որ մի քանի անգամ արդեն տուգանվել են: Ավելի քան 50 մսավաճառ պահանջում է թույլատրել իրենց շարունակել բակային մորթերը, քանի որ Շիրակի մարզում բավարար քանակի սպանդանոցներ չկան:

Բողոքով Շիրակի մարզպետարան եկած մսավաճառների հետ հանդիպեցին Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը և Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը:

Շիրակի մարզպետի տեղակալի խոսքով՝ մարզում 6 սպանդանոց կա, որից 4-ը ընդհանուր սպասարկման, 2-ը՝ սեփական տնտեսության համար կառուցված: Ըստ Ալբերտ Այվազյանի՝ այդ սպանդանոցներից միայն մեկն է գործում, որը Հայկաձոր գյուղում է, մյուսները չեն աշխատում, քանի որ անասնատերերը այնտեղ մորթ չեն անում: Ըստ մարզպետի տեղակալի՝ եթե գյուղացիներն ու մսավաճառներն ուզենան, դրանք կաշխատեն:

Մսավաճառների հետ Շիրակի մարզպետարան էին եկել նաև անասնատերեր, որոնք հայտնեցին, որ մարզում աշխատող միակ սպանդանոցն էլ արագ մորթ չի անում, երբ զանգում են, ասում են՝ լույս չկա: Այն մոտ 120 կմ է հեռու Գյումրիից, ու մեկ անասունի համար էլ չեն գալիս տվյալ գյուղ մորթի, գյուղացուն ասում են՝ մի քանիսին թող անասնատերերը հավաքեն ու նոր իրենց կանչեն, ինչը խնդիր է: Ըստ անասնատերերի՝ 120 կմ դեպի սպանդանոց տանելու դեպքում անասունը սթրեսի կենթարկվի, քաշ կգցի, միսն էլ՝ կփչանա: Կամ 2 տոննա կշռող ցուլը ինչպե՞ս կարելի է 120 կմ ճանապարհ տանել մորթելու ու հետ բերել Գյումրի՝ վաճառքի: Բացի դրանից, ըստ մսավաճառների, սպանդանոցում էժան են միսը գնում գյուղացուց: Բայց հարկ է նշել, որ այնպես չէ, որ մսավաճառները ավելի բարեխիղճ են: Նրանք էլ գյուղացուց միսը գնում են երբեմն վաճառքի գնից կրկնակի էժան, փորոտիքի ու գլխի համար ընդհանրապես չեն վճարում և այլն: Այն, որ սպանդանոցների գործարկմամբ մսավաճառների եկամուտը կպակասի, նաև սա է պատճառը, որ նրանք հրաժարվում են սպանդանոցային մորթից:

«Պետք է բակային մորթից հրաժարվենք և անցնենք քաղաքակիրթ մորթի: 2017 թվականից քանի՞ տարի է անցել, ճիշտ այդքան ժամանակ խոսվում է սպանդանոցային մորթի անհրաժեշտության մասին: Կարող էին մսավաճառներից մի քանիսը միանալ, ստեղծել սպանդանոցներ ու աշխատել օրենքի պահանջով»,- հայտնեց Ալբերտ Այվազյանը և ավելացրեց. «Բայց նրանք ամեն անգամ գալիս են, ժամանակ խնդրում ու ոչինչ չեն ձեռնարկում: Եթե հիմա էլ իրենց ժամանակ տրվի մինչև տարեվերջ, ապա դարձյալ ոչինչ չի փոխվի: Իսկ մենք մարզեր ունենք, որտեղ խնդիրը շատ լավ կարգավորվել է՝ Տավուշում, Արմավիրում»:

Տարեկան քանի՞ մարդ է բրուցելյոզ հիվանդությամբ վարակվում, սա էլ, իհարկե, մսավաճառներին չի հետաքրքրում, իսկ վիճակագրությունը կա: Բողոքողներին մարզպետարանի պատասխանատուները առաջարկեցին բողոքը ձևակերպել գրավոր, որը կներկայացվի կառավարություն:

Կարինե Կազարովա

Back to top button