Նորություններ

Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել Վարշավայում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է արագ և կայծակնային (բլից) շախմատի մրցաշար, որը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն է:

Մրցաշարի 10 մասնակիցները նախ իրենց հարաբերությունները կպարզեն արագ շախմատում, որում հաղթանակի համար տրվում է երկու միավոր, ոչ-ոքին գնահատվում է մեկ միավոր:

Մրցումային առաջին օրը կայացան արագ շախմատի մրցաշարի մեկնարկային 3 տուրերի մրցախաղերը:

Լևոն Արոնյանը մրցաշարը սկսեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ սևերով 27–րդ քայլին գրանցած ոչ-ոքիով: Հաջորդ պարտիայում շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը սևերով 60–րդ քայլին հաղթեց Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շևչենկոյին: 3-րդ տուրում էլ հայ գրոսմայստերը սպիտակներով 60–րդ քայլին պարտության մատնեց նիդերլանդցի Անիշ Գիրիին:

3 տուրից հետո Արոնյանը 5 միավորով լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4-ական միավորով առաջատարներին հետապնդում են Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու լեհ Ռադոսլավ Վոյտաչեկը

Մայիսի 22-ին կայանալիք 4-6-րդ տուրերում Արոնյանը հաջորդաբար կմրցի ռումինացի Բոգդան-Դանիել Դյակի, նորվեգացի Մագնուս Կառլսենի և ռումինացի մեկ այլ շախմատիստ Ռիչարդ Ռապորտի հետ:

Back to top button