Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինաշխատանքներն ակտիվ են, բայց վերջը տեսանելի չէ

Հայաստանը հարավից Իրանին, իսկ հյուսիսից Վրաստանին կապող Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը դեռ 4 տարի առաջ պետք է ավարտված լիներ: Մեկնարկել է 2012 թվականին, և շինարարության 11 տարիների ընթացքում ավելի քան 550 կիլոմետր երկարությամբ ճանապարհի կեսն էլ շահագործման չի հանձնվել: Ճանապարհաշինությունից ավելի աղաղակող էին չարաշահումների դեպքերն ու քրեական գործերը: Դրանց ծավալները Քննչական կոմիտեն աննախադեպ է որակել։ Հյուսիս-հարավի գործով հարցաքննվել է ավելի քան 500 անձ։ Քրեական գործի պատճառով որոշ ժամանակ աշխատանքները դադարեցվել էին ճանապարհի որոշ հատվածներում:
Անի-Աշտարակ հատվածին առնչվող քրեական գործն առանձնացվել է, և այդ հատվածում շինարարությունը վերսկսվել է: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԳԱԼԱ-ին հայտնեց, որ շատ բարդ էր, միջազգային դատական պրոցես է եղել, արբիտրաժ, լրջագույն ջանքեր են ներդրվել, հսկայական աշխատանք է տարվել, մինչև որ հնարավոր է եղել այդ տարածքն առանձնացնել ու շինարարությունը վերսկսել:
«Մենք հիմա այդ հատվածում 2 տեղամաս ունենք, մեկը Ագարակը շրջանցող հատվածն է՝ 8 կմ, որտեղ հիմա ակտիվ աշխատանք է տարվում, մյուսը 34 կմ է, դա հիմնականում այն հատվածն է, որտեղ նախկինում իսպանական ընկերությունը աշխատել է, անավարտ է թողել շատ աշխատանքներ»,- հայտնեց նախարարը և ավելացրեց. «Մենք մոտ օրերս արդեն ամփոփում ենք հայտարարված նոր մրցույթի արդյունքները, հունիսին կունենանք շինընկերություն, այնուհետ որոշակի կազմակերպչական աշխատանքներից հետո կսկսենք շինարարությունը»:
«Այդ տեղամասում կա գրեթե պատրաստ մի հատված. փորձելու ենք հենց դրանից սկսել, այսինքն մի քանի կիլոմետր հենց առաջին փուլում կդարձնենք շահագործելի, որպեսզի մեր հայրենակիցներն այժմ գործող բարդ ճանապարհով չերթևեկեն, իսկ դրանից հետո շինարարությունը կսկսենք: Երկուսի պարագայում էլ աշխատանքների ավարտի ժամկետը 18 ամիս է: Մեկը սկսվել է հունվարին, մյուսը ամռանը հավանաբար սկսենք: Հյուսիս-հարավի հետ կապված բոլոր մրցույթներն էլ միջազգային են, միայն մի փուլում է տեղական ընկերություն հաղթել»:
Կարինե Կազարովա