ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ինձ համար 0 կոպեկի արժեք ունի Փաշինյանի հեռացումը, երբ իմ երկիրն այլևս անվերադարձ որևէ կապիտուլյացիոն թուղթ է ստորագրելու»

«Բրյուսելում դժվար թե կտրուկ շրջադարձ լինի»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով սպասվող եռակողմ հանդիպմանը:

«Ցավոք սրտի, Հայաստանի իշխանություններ ներկայացնող անձանց քաղաքականությունը պատճառ է դարձել, որ Հայաստանը, Արցախը ներքաշվեն շատ ավելի գլոբալ հակամարտությունների մեջ: Այսօր աշխարհում Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը, թշնամությունն այլևս այնքան է սրված, որ անթաքույց երկու կողմն էլ խոսում են միջուկային զենք կիրառելու մասին: Եվ երբ որ դու քո պրոբլեմը, քո երկրի ամբողջականությունն ու անվտանգությունը, Արցախինն էլ հետը բերում մտցնում ես այս հակամարտության դաշտ, դու այլևս այստեղ խաղացող չես, դու տրվել ես, քո պրոբլեմները հանձնել ես, և այդ ամբողջ հակամարտությունը տեղափոխվում է հենց մեր տարածք»,- նշեց Գեղամ Մանուկյանը:

Դիտարկմանը, որ իշխանությունները գուցե փորձում են մեզ համար շահեկան տարբերակներ փնտրել տարբեր խաղացողների շրջանակներում, վարել, այսպես կոչված, կոմպլեմենտար քաղաքականություն, Գեղամ Մանուկյանն արձագանքեց.

«Ես կողմ կլինեի, եթե Հայաստանի իշխանությունները կարողանային դիվերսիֆիկացնել, կարողանային բոլորի հետ պահպանել հարաբերությունները: Երբեմն ծաղրում էին այն ժամանակվա կոմպլեմենտար քաղաքականությունը: Տարիներ առաջ էր, արդեն Քոչարյանը նախագահ չէր, Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ մի խումբ լրագրողներով էինք, ոչ հրապարակային զրույց տեղի ունեցավ.  եվրոպացիներից մեկը այսպիսի արտահայտություն արեց, թե Քոչարյանի հետ ունեցել ենք հազար տեսակ պրոբլեմներ՝ ժողովրդավարության լուրջ խնդիրներից մինչև արտաքին քաղաքական, բայց մի հարցում մենք վստահ ենք եղել՝ այն, ինչ մեզ հետ զրույցում ասում էր Ռոբերտ Քոչարյանը, վստահ էինք՝ նույնն ասում է Վաշինգտոնում, նույնն  ասում է Մոսկվայում: Բայց այսօր Վաշինգտոնում էլ, Բրյուսելում էլ,  Մոսկվայում էլ Փաշինյանի հետ խոսելուց որևէ մեկը չունի այդ վստահությունը, որ ինչ որ ինքը հիմա լսում է Փաշինյանից, նույնը վերջինս կհամարձակվի ասել այլ մայրաքաղաքներում»:

Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը, Գեղամ Մանուկյանը նշեց, որ վերջին շրջանում նկատելի է դառնում, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը ցույց տալ, թե ընդդիմության հետ նորմալ աշխատում են: «Սա անում են ոչ թե իրենց հեղինակությունը բարձրացնելու համար, այլ մտածելով, որ դրանով հարվածում են ընդդիմությանը: Իրենք էլ են գիտակցում, որ այնպիսի «իզգոյ» վիճակում են, որ եթե ասեն՝ ընդդիմությունը մեզ հետ երկխոսում է, էդ նշանակում է՝ ընդդիմությունն ուժեղ հարված է ստանալու»:

Back to top button