Շիրակի մարզում հազարավոր դատական գործերի քննություն տարիներով հետաձգվում է. նվազում է վստահությունը դատարանների նկատմամբ

2018 թվականի դատական բարեփոխումները Շիրակի մարզում հակառակ արդյունքը տվեցին: Տասնյակ հազարավոր դատական գործերի քննություն տարիներով հետաձգվում է: Դատավորների հաճախակի տեղափոխությունները Երևան, նաև կալանավորներին ժամանակին դատարաններ չհասցնելը, դատական ծանուցագրերը քաղաքացիներին պատշաճ չտրամադրելը և այլ խնդիրներ, մարզում ի չիք են դարձրել սպասելիքներն արդարադատությունից:
Այս ամենի ֆոնին թերբեռնված է աշխատում նորաստեղծ հակակոռուպցիոն դատարանը: Շիրակի և Լոռու մարզերի հակակոռուպցիոն դատարանի նստավայրը Մարալիկ քաղաքում է: Կոռուպցիոն բնույթի մոտ 30 քրեական գործ կա 2 մարզերից: Փաստաբան Թամարա Յայլոյանը ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում հայտնեց, որ դրանք «թեթև» գործեր են, կոռուպցիոն բնույթի խոշոր և աղմկահարույց գործերը հիմնականում քննվում են Երևանում: