«Նդրանգետա»-ի դեմ ամբողջ աշխարհում հատուկ գործողություններ են իրականացվել. միայն Գերմանիայում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ
Գերմանացի ոստիկանները հատուկ գործողության շրջանակում ձերբակալել են ավելի քան 30 մարդու, ովքեր կասկածվում են իտալական «Նդրանգետա» մաֆիոզ խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին տեղեկացնում է Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը։
Բավարիայի ոստիկանության տվյալներով՝ Գերմանիայում կասկածյալների ձերբակալման ավելի քան 30 օրդեր է տրվել, իսկ տասնյակ բնակելի և առևտրային տարածքներում խուզարկություններ են իրականացվել:
«Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գործել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում, Բավարիայում, Թյուրինգիայում, Ռեյնլանդ-Պֆալցում և Սաարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որոշ կասկածյալների հաջողվել է փախչել։
Չորեքշաբթի իտալական «Նդրանգետա» մաֆիոզ խմբավորման դեմ իրականացված գործողության արդյունքում ամբողջ աշխարհում 85 մարդ է ձերբակալվել, Իտալիայում ընդհանուր առմամբ 108 մարդ հայտնվել է սահմանափակող միջոցների տակ։ Խմբավորման դեմ գործողություններ են իրականացվել նաև Իտալիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Սլովենիայի, Ռումինիայի, Պանամայի և Բրազիլիայի ոստիկանությունների կողմից:
«Նդրանգետա» հանցավոր խոշոր խմբավորումը հիմնականում գործում է Իտալիայի հարավային Կալաբրիա շրջանում: Հանցախմբի ապօրինի գործունեության ավանդական տեսակը թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն է: