«Շատ հնարավոր է՝ Ռուսաստանը դուրս գա մեր տարածաշրջանից. ռոմանտիկ հեղափոխականները պետք է շուտ մտածեին»

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում անդրադառնալով հարցադրմանը, թե Արցախում ստեղծված փակուղային իրավիճակով պայմանավորված՝ ինչ կարող ենք ակնկալել Արևմուտքից և Ռուսաստանից, հայտարարեց.
«Պետք է փորձել աշխատանք տանել, բայց դրա համար պետք է դիվանագիտություն, իսկ մեր դիվանագիտությունը ձախողվեց: Մենք ո՛չ Արևմուտքին որևէ առաջարկելու բան ունենք, ո՛չ Ռուսաստանին: Երկու բևեռի հետ էլ մեր հարաբերությունները չկարողացանք կառուցել, դրա տեղը մենք զբաղվում էինք պինգ-պոնգով՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան… Վերջը երկուսից էլ ոչինչ չկարողացանք ստանալ: Նրանք, ինչպես միշտ, գեղեցիկ բառեր ասացին, հայտարարություններ արեցին, բայց որևէ գործնական բան չարվեց: Արևմուտքը չի ցանկանում սանկցիաներ կիրառել, չնայած Ուկրաինայում տեսեք՝ արդեն տասնյակ ու տասնյակ սանկցիաներ են ընդունել: Իսկ Ռուսաստանն իրեն պասիվ է պահում, քանի որ չի ցանկանում առճակատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ»:
Անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, Արթուր Խաչիկյանը նշեց.
«Մեր դժբախտությունն այն է, որ մեր պետության ղեկավարությունը փորձ և կրթություն չունի. երբևիցե որևէ տեղ չի ասվել, որ Լաչինի միջանցքը Ռուսաստանի տարածքն է կամ Ռուսաստանի պարտավորությունը: Ռուսաստանն ինքն իր վրա վերցրեց միջնորդի դերը և խաղաղապահ ուժեր տեղակայեց: Այնտեղ որևէ տեղ գրված չէ, որ Լաչինն իրենց պարտականությունն է: Այսպիսի հայտարարությունները լուրջ չեն, և ռուսներն արդեն բավականին կոշտ սկսել են պատասխանել»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև: