«Մենք Նիկոլին ժառանգել ենք այնպիսի Արցախ, Շուշի, որտեղ ինքը տրնգի ու քոչարի էր պարում»

Այս ռեժիմի մնալը ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստանի երրորդ հանրապետության անկում, ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մի պետություն, որի ղեկավարը հրապարակային հայտարարում է, որ ինքն ի զորու չէ պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, ուրեմն այդ պետությունը գոյություն չունի: Պետության գլխավոր ֆունկցիան անվտանգության ապահովումն է՝ եւ՛ քաղաքացիների, եւ՛ սահմանների: Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հրապարակային ընդունել է, որ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի անվտանգությունը ինքը եւ իր կառավարությունն ի զորու չեն պաշտպանել»,- նշեց Շարմազանովը:
«Նախ Փաշինյանը չպետք է հարց տա մեզ, մենք պետք է իրեն հարց տանք, հասարակությունը: Ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը հարց տալիս, էս մարդը 5 տարի է վարչապետ է, դեռ գալիս է պառլամենտում ինքն է բոլորին մեղադրում: Ա՛յ ընկեր, դու այլեւս ընդդիմադիր չես, հել գնա ձեր տուն…»:
ՀՀԿ-ական գործիչը հորդորում է քննարկման առարկա դարձնել հետեւյալ հարցը՝ ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը եւ ի՞նչ ունենք այսօր:
«Նիկոլն ասել է՝ բանակցում եմ իմ սեփական զրոյական կետից, այսինքն, ի՞նչ Սերժ Սարգսյանի կետ… Նիկոլը համաձայնել է իր պաշտպանության նախարարի այս տեսակետին՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», իսկ դա նշանակում է, որ բանակը մարտունակ է եղել, երրորդ՝ Նիկոլն ասել է, թե ինչ պետք է, դա էլ բանակցում եմ, ասում էր՝ ոչ մի փոխզիջում, մինչեւ Ադրբեջանը չճանաչի ինքնորոշման իրավունքը… այսօր Ալիեւը ճանաչե՞լ է Արցախի ինքնորոշման իրավունքը»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: