Կայացել է Լավրով-Բլինկեն հեռախոսազրույց. ԱՄՆ-ն կոչ է արել անհապաղ ազատ արձակել WSJ-ի ամերիկացի թղթակցին

Ապրիլի 2-ի կեսօրին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև։ Նրանք քննարկել են The Wall Street Journal-ի ամերիկացի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալության հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Շեշտվել է Վաշինգտոնի պաշտոնյաների և արևմտյան լրատվամիջոցների կողմից իրարանցում առաջացնելու և այս գործին քաղաքական երանգ հաղորդելու հստակ մտադրության անընդունելիությունը», — ասված է ՌԴ ԱԳՆ-ի թելեգրամյան հաղորդագրության մեջ։
«Սերգեյ Լավրովը մասնավորապես նշել է, որ Էվան Գերշկովիչին բռնել են գաղտնի տեղեկատվություն ստանալու փորձի ժամանակ՝ լրագրողական կարգավիճակի քողի տակ պետական գաղտնիք կազմող տվյալներ հավաքելիս», — հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ Բլինկենը լուրջ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից ԱՄՆ քաղաքացու՝ լրագրողի անընդունելի ձերբակալման կապակցությամբ։ Բլինկենը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Էվան Գերշկովիչին և անօրինական կերպով ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուելանին։
Օրերս ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է ամերիկյան The Wall Street Journal պարբերականի թղթակից Էվան Գերշկովիչը։ Հետախուզության տվյալներով՝ լրագրողը «ԱՄՆ-ի հանձնարարությամբ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ էր հավաքում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին»։ Էվան Գերշկովիչը 6 տարի է, ինչ ապրում է Մոսկվայում և հավատարմագրված է ՌԴ ԱԳՆ-ում։ Գերշկովիչը լրագրող է, որը լուսաբանում է իրադարձությունները Ռուսաստանում, Ուկրաինայում և նախկին Խորհրդային Միության երկրներում: Նա նախկինում աշխատել է Agence France-Presse-ում, The Moscow Times-ում և The New York Times-ում: Գերշկովիչի վերջին հոդվածը The Wall Street Journal-ը հրապարակել է մարտի 28-ին։