«Կաթնամթերքի արտահանման արգելքը Ռուսաստան քաղաքական ենթատեքստ չունի. խնդիրը ստեղծել են անբարեխիղճ տնտեսվարողները». գործարար

Ռուսաստանի Դաշնությունը ապրիլի 5-ից արգելել է Հայաստանից կաթնամթերքի արտահանումները: Այս մասին օրեր առաջ հայտնել էր Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը»։ Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ Հայաստանից արտահանվող կաթնամթերքում օգտագործվում է Իրանում արտադրված հումք, ինչի ներկրումը ՌԴ արգելված է։
ԳԱԼԱ-ի հետ հարցազրույցում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն 2 տարի է հայաստանյան որոշ ընկերությունների նախազգուշացնում էր, որ Իրանում արտադրված հումքով պատրաստված կաթնամթերք չառաքեն իրենց երկիր, բայց այդ ուղղությամբ միջոցներ չէին ձեռնարկվում: Ի դեպ, արգելքը վերաբերում է միայն Իրանի որոշ արտադրական ձեռնարկությունների թողարկած հումքին, հիմնականում սերուցքին և կաթի փոշուն: Ռուսաստանում լաբորատոր հետազոտությունները պարզել են, որ այդ արտադրանքները որակի խնդիր ունեն:
Ընդ որում, Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ներկրվում է տարբեր տեսակի կաթնամթերք՝ պանիր, մածուն, թան, կարագ և այլն, բայց ռուսաստանցիների առարկությունները վերաբերում են հիմնականում արգելված սերուցքով արտադրված կարագին և կաթի փոշիով պատրաստված մթերքին:
«Ի դեպ, Հայաստանը կաթնամթերքի արտադրության առումով ինքնաբավ չէ, տեղական արտադրանքով չի կարողանում երկրի ամբողջ պահանջարկն ապահովել: Տարեկան միայն 3500-4000 տոննա Հայաստանը կարագ է ներմուծում այլ երկրներից, բայց նաև իր արտադրանքն է արտահանում»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց ընկերության պատասխանատուն՝ ավելացնելով. «ՌԴ-ի հետ խնդիրն առաջ է եկել անբարեխիղճ արտադրողների պատճառով: Կան տնտեսվարողներ, որոնք Իրանում արտադրված հումքը ներկրում են Հայաստան, ո՛չ մի կաթնամթերք այդ հումքով չեն պատրաստում, այլ հայկական ապրանքանիշի տակ իրանական հումքն արտահանում են Ռուսաստանի Դաշնություն»:
Ըստ տնտեսվարողի՝ այս արգելքը թեև տեղի է ունենում ռուս-հայկական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին, բայց այն քաղաքական ենթատեքստ չունի, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը երկար ժամանակ նախազգուշացնում էր Հայաստանի արտադրողներին՝ խախտումներ թույլ տալու մասին: Նրա խոսքով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ի վիճակի չէ պատշաճ վերահսկողություն սահմանել կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ, ինչին էլ հետևել է արգելքը: Ոչ պատշաճ վերահսկողությունը, ըստ ռուսական կողմի, մեծացնում է Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներմուծման վտանգը:
Տնտեսվարողի խոսքով՝ այս արգելքը արտադրողներին վնաս չի տա, քանի որ տեղի շուկայում այդ ապրանքները սպառում կգտնեն, պարզապես արտահանման դեպքում ավելի շատ էր եկամուտը, իսկ որոշ կաթնամթերք արտադրողներ ընտրել էին հեշտ տարբերակը՝ արգելված հումքն առանց վերամշակման ենթարկելու պարզապես արտահանում էին Ռուսաստանի Դաշնություն՝ դրանով նաև հարված հասցնելով տեղի և Բելառուսից ներկրվող գյուղմթերքի արտադրությանը:
Արտահանման արգելքը թե ինչքան ժամանակով է, ժամկետներ չեն նշվում: Այն կվերացվի, երբ շտկվեն ի հայտ եկած խախտումները և այդ մասին երաշխիքներ տա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Կարինե Կազարովա