Հարձակման ենթարկված ընդդիմադիր գործիչը՝ Էրդողանին․ «Աքշեներին վախեցնողը դեռ չի ծնվել»
Մարտի 31-ին՝ լուսադեմին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Զեյթինբուրնու շրջանում գտնվող «Լավ» կուսակցության (İyi Parti) կենտրոնական գրասենյակի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:
Հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան: Միջադեպից հետո մեծ աղմուկ է բարձրացել, ոստիկանությունը փորձում է պարզել դեպքի հանգամանքները։ Հայտնի է դարձել, որ հարձակում գործած անձն անմիջապես դիմել է փախուստի։
Դեպքի առնչությամբ ԼԿ-ի ղեկավարությունը մեղադրել է նախագահ Էրդողանին և իշխող կուսակցությանը։
Ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչներ իրենց զորակցությունն են հայտնել ԼԿ-ին՝ գրառումներ կատարելով իրենց սոցիալական ցանցերի էջերում։
ԼԿ ղեկավար Մերալ Աքշեները հարձակումից հետո հրապարակայնորեն դիմելով Էրդողանին՝ ասել է․
«Այս գարշելի համակարգի շարունակության դեպքում այսօր մենք, վաղը՝ դուք․․․/եք տուժելու-խմբ․/։ Աքշեներին վախեցնողը դեռ չի ծնվել։ Պարո՛ն Ռեջեփ, չեմ վախենում»։