Նորություններ

Չի ստացվելու․ ադրբեջանցիները բանակցությունների միջոցով զորքերը հետ չեն քաշի․ Սեյրան Օհանյան

Այս իշխանություններն իրավիճակին չեն տիրապետում եւ չեն կարող որոշել ստեղծված իրավիճակում առաջնահերթությունները: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դիրքային փոփոխություն չի եղել, իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն ընդունեց, որ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել:

«Սա նոր բան չէ, Հայաստանի իշխանությունների հայտարարություններում միշտ էլ եղել են հակասություններ, հակասական գործողություններ:

Պայմանավորվածություների շրջանակներում պետք է նոր ճանապարհ նախագծվեր կառուցվեր, ընդ որում միջանցքի գաղափարն առաջ տանելով, որովհետեւ միջանցքի մեջ ոչ միայն ճանապարհներն են, այլեւ գազատար, էլեկտրագծեր, կապի միջոցներ: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն արագ իր ճանապարհը կառուցել է, իսկ հայկական կողմը այլընտրանքային ճանապարհը չի կառուցել լիարժեք: Իրենք ասում են, որ ապրիլի 1-ին պետք է ճանապարհը բացվեր, այդ դեպքում ինչու է թույլ տվել, ի՞նչ պայմանավորվածություններ կան Ալիեւի հետ: Հերթական անգամ Ալիեւը խախտում է պայմանավորվածությունները»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նաեւ հավելեց, որ ոչ մի հույս չունի, որ բանակցություններով Հայաստանը կարող է հետ վերադարձնել այդ տարածքները. «Երբ դու տեսնում ես, որ քո իշխանություններն անընդհատ սխալվում են, անընդհատ թույլ են տալիս հակառակորդին առաջ գալ, սա խոսում է այն մասին, որ կամ չեն գիտակցում, կամ նման պայմանավորվածություններ ունեն: Հույս կապել թուրքադրբեջանական տանդեմի հետ, որ կարող են նրանք բանակցություններով հետ քաշվել, չի ստացվի»:

Back to top button