Բերդաշենում կարտոֆիլի աննախադեպ ցանքս են կատարել
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում կարտոֆիլի մեծածավալ ցանքս է իրականացվել։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանը՝ հավելելով, որ Բերդաշենում առաջին անգամ են նման մասշտաբով կարտոֆիլ ցանում:

«Եթե ավելացնենք արտեզյան ջրհորները, ապա հնարավոր է այնքան բերք ստանալ, որ կկարողանանք նույնիսկ արտահանել»,-համոզված է Գ. Պողոսյանը։ Նա գոհունակությամբ նշեց, որ 2022 թվականին ժամանակակից չափանիշներին համապատասխան ջրամբար է կառուցվել, որի շնորհիվ գյուղի տարածքում մոտ 200 հեկտար ինտենսիվ այգի է հիմնվում։
«Այս պահին արդեն տնկել եւ մշակում ենք՝ արքայախնձորի, արքայանարնջի ու նռան ծառեր»,- ասել է Բերդաշենի համայնքապետը` նշելով , որ շարունակվում է գարնանանացանը , որի շրջանակներում բերդաշենցիները կտավատի, հնդկաձավարի, եգիպտացորենի ցանքս են կատարում։ Բացի այդ, արդեն նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերի` մասնավորապես վարունգի, ձմերուկի եւ սոխի սերմերն են հողին պահ տվել։
Հիշեցնենք, որ ԱՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մարտի 30-ին ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել դաշտում աշխատող բերդաշենցի խաղաղ բնակչի ուղղությամբ: