Դոնալդ Թրամփը շուտով կարող է կալանավորվել. նրան մեղադրանք է առաջադրվել

Դոնալդ Թրամփը դարձել է Միացյալ Նահանգների առաջին նախկին նախագահը, որի դեմ դատարանը պաշտոնապես քրեական գործ կհարուցի։ Այս մասին հայտնում է BBC-ն
Թրամփին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի երդվյալ ատենակալների կողմից: Նախկին նախագահին մեղադրում են պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ:
Դենիելսը պնդում է, որ 2006 թվականին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130.000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի: Թրամփը հերքել է տեղեկությունը՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում:
Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփին սպառնում է երկու տասնյակից ավելի մեղադրանք՝ կապված նաեւ բիզնես խարդախությունների հետ:
Թրամփը պետք է Ֆլորիդայից մեկնի Նյու Յորք, որպեսզի ապրիլի 4-ին կանգնի դատարանի առջև:
Մեծ ժյուրիի որոշման վերաբերյալ հայտարարության մեջ Դոնալդ Թրամփը մեղադրել է դեմոկրատ դատախազ Բրեգին՝ նշելով, որ նա «Ջո Բայդենի համար կեղտոտ աշխատանք է կատարում»։