Սոթքի ոսկու հանքում բախվել են ԲելԱԶ-ն ու Mitsubishi-ն. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Նվեր Ա.-ն, իր վարած ԲելԱԶ բեռնատարով հետընթաց կատարելիս, բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ա.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամ Ա.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն: Վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ նախ տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, այնուհետև սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Նվեր Ա.-ն աշխատում է նշված հանքում՝ որպես մեքենավար, իսկ վիրավոր Արամ Ա.-ն նույն հանքում՝ որպես փականագործ վարորդ: