«Պատերազմից հետո ո՛չ իշխանություն պետք է մնար, ո՛չ ընդդիմություն. պիտի սրբեին բոլորին…»

«Եթե մեր հասարակությունը լիներ առողջ հասարակություն, պատրաստ լիներ իր անվտանգության, իր պետության, իր ազգային արժեքների համար պայքարել ցանկացած պարագայում, պատերազմից հետո այս երկրում ո՛չ իշխանություն կմնար, ո՛չ ընդդիմություն: Այ դա՛ կլիներ հասարակություն, եւ մենք էլ կասեինք, որ հպարտ ենք, որ ապրում ենք այս մարդկանց մեջ: Պիտի սրբեին բոլորին, տանեին թափեին աղբամանը, եթե հասկանում էին՝ ինչ կատարվեց իրենց հետ»,-հայտարարեց փաստաբան Երվանդ Վարոսյանը ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում:
«Հայաստանում 10 տարի առաջ աշխատում էր 230 դատավոր, որից 114-ը դուրս է եկել դատական համակարգից, այսինքն գերակշիռ մեծամասնությունը փոխվել է, տեղի է ունեցել ինքնամաքրում: Այսօր ՀՀ-ում կա 280 դատավոր, որոնցից 144-ը նշանակվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո»: Այս մասին դատավորների ժողովին հայտարարել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Անդրադառնալով Անդրեասյանի այս հայտարարությանը՝ Վարոսյանը նշեց. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Ադրեասյանը խաբում է հայ ժողովրդին, ինչպես խաբում է այդ կուսակցության ցանկացած անդամ: Գիտե՞ք ինչու է դա հորինել… Երբ որ իրեն անընդհատ ասում են՝ դու որ ՄԻՊ էիր, գնացուցակ էիր գրել, ի՞նչ եղավ: Ուզում է ասի, որ էլ չկան այդ դատավորները: Բա հրապարակի ցուցակդ, ո՞վ է լեզուդ բռնել… Դատական համակարգի մասին արդեն խոսելու բան չկա: Չկա դատական համակարգ»: