Նորություններ

Ամենամեծ առաքելությունը արարելն է․ պրոֆեսոր Նազարեթյանը 75 տարեկան է

«Տղա, էս ի՞նչ ես գրել, 80 երկիր պիտի գնա էս գիրքը»,-երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն կատակով է վերհիշում երիտասարդական տարիներն ու իր հեղինակային առաջին գրքի տպագրության պատմությունը։ Գիրքը փորձել է տպագրության ուղարկել «Երեւան-Հառիճ» մակագրությամբ, որին դեմ է եղել նրա դասախոսն ու ավագ գործընկերը։ Հառիճը երիտասարդ գիտնականի ծննդավայրն է եղել։

«Հետո շատ խնդրեցի, ասաց՝ լավ, թող մնա ու այդպես գիրքը տպագրվեց»,-շարունակում է Ս․Նազարեթյանը։

414 գիտական աշխատանքի, 10 մենագրության, արտոնագրված 2 գյուտի, 53 քարտեզի հեղինակ է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Գյումրու պատվավոր քաղաքացի Սերգեյ Նազարեթյանը։

Այսօր մեծ հանդիսավորությամբ նշվեց ճանաչված գիտնականի ծննդյան 75 եւ գիտական գործունեության 55 ամյակը։

Ս․Նազարեթյանն արժանացել է տարբեր մրցանակների ու պարգեւների՝ ՌԴ Մ. Լոմոնոսովի անվան մեդալ (2000) ՀՀ նախագահի Անանիա Շիրակացի մեդալ (2011) ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ (2013) Գյումրու պատվավոր քաղաքացի (2018) եւ այլն։

«Գիտական գործունեության տարիներին ավելի կարեւոր են, քան կենսագրական․ եթե ծնողներից առողջ գեներ ես ժառանգել, բախտդ բերել է, փորձանքներից հեռու ես մնացել, 70 չէ՝ 100 էլ կապրես, դա քեզնից այդքան կախված չէ, կարեւորը քո արարածն է, որովհետեւ երբ մարդը ծնվում է, լույս աշխարհ է գալիս, իր ամենակարեւոր առաքելությունը արարելն է, ինչ-որ մի բան սարքելը»,-ասում է Ս․Նազարեթյանն ու ավելացնում․ «Ինձ անընդհատ հաշվետվություն էի տալիս մինչ այս պահը, թե ինչ-որ մի բան արե՞լ եմ, թե՞ ոչ»։

Նրա աշխատություններից են՝ Հայաստանի երկրաբանական եզակի հուշարձանները։ Ուղեցույց զբոսաշրջիկի համար, Երևան, 2000 (համահեղինակ), Սեյսմիկ պաշտպանությունը և նրա կազմակերպումը, Գյումրի, 2002 (համահեղինակ), Глубинные разломы территории Армянской ССР, Ереван, 1984. Сейсмическая защита и ее организация: Учебное пособие, Ереван, 2004., Сейсмическая опасность и риск территории городов зоны Спитакского землетрясения 1988г. Изд. “Гитутюн” НАН РА. Ереван, 2013. Региональные разломы территории РА по геофизическим данным и их сейсмичность”, Изд. “Гитутюн” НАН РА. Ереван, 2015.(соавтор), The 1988 Spitak Earthquake in Photos, Facts and Comments. Yerevan, Publishing Hause ,,Gitutjun,, National Academy of Science RA, 2018. եւ այլն։

Երկարամյա աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստակամության, ծառայողական պատականությունները բարեխղճորեն կատարելու եւ ծննդյան 75 ամյակի համար Սերգեյ Նազարեթյանին պատվոգրեր հանձնվեցին ՀՀ ԱԻ նախարարի, Շիրակի մարզպետի, Գյումրու համայնքի ղեկավարի եւ այլ անձանց անունից։

«Սերգեյ Նազարեթյանի անմիջական նախաձեռնության եւ ջանքերի շնորհիվ ՀՀ-ում ձեռնարկվել է սեյսմիկ անվտանգության Հյուիսիային ծառայությունը Գյումրիում, որն առ այսօր շարունակում է աշխատել, նա բազմաթիվ կարեւոր նախաձեռնություններ է նախաձեռնել եւ իրականացրել, այդ թվում՝ ՀՀ 53 քաղաքների սեյսմիկ գնահատման քարտեզը, սեյսմիկ վտանգի եւ ռիսկի գնահատման ոլորտներում, շրջակա միջավայրի վրա երկրաշարժի ազդեցության, արձագանքման գործունեությունում»,-նշեց ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

Ս.Նազարեթյանի մանկությունն անցել է Շիրակի մարզի Հառիճ գյուղում` հարուստ բնության գրկում։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Երեւանի պետական համալսարանի երկրաֆիզիկայի բաժինը, գերազանց առաջադիմությամբ է ավարտել:

1978 թվականին՝ ընդամենը 30 տարեկանում, Ս.Նազարեթյանը ստացել է գիտական առաջին աստիճանը` երկրաբանահանքաբան, գիտությունների թեկնածու։

1988-ին` Սպիտակի երկրաշարժի տարում, Ս.Նազարեթյանին շնորհվել է դոկտորի աստիճան, այդ տարիներին ոլորտի ամենաջահել դոկտորը եղել է 40-ամյա Ս.Նազարեթյանը: 1999-ին Ս.Նազարեթյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: Նա 1997-ից բնապահպանության եւ կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է, 2000-ից` Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, իսկ 2003-ից` Հայաստանի ինժեներային ակադեմիայի ակադեմիկոս:

Նա զեկույցներ է կարդացել ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, գերմանիայում, Չեխիայում, Թուրքիայում, Հունաստանում, Եգիպտոսում եւ այլուր: Հիմնադրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության սեյսմոտեկտոնիկայի լաբորատորիան, ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքը` այժմ հյուսիսային ծառայությունը, Գյումրու երկրատեղեկատվական համակարգերի կենտրոնը, «Կայունություն եւ առաջընթաց» ՀԿ-ն:

Պարոն Նազարեթյանի կինը` տիկին Սուսաննան, մանկավարժ է. ամուսնացել են, երբ Ս.Նազարեթյանը Գյումրիում ընդունվել է աշխատանքի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Back to top button