ՆորություններՍպորտ

ԵԱ. Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի մարզուհուն. Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը վաստակել են 7-ական միավոր

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունում կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի մրցախաղերը: Հայ շախմատիստուհիներն իրենց պարտիաներն անցկացրին սև խաղաքարերով:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեն Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը, որոնք վաստակել են 7-ական միավոր: Էլինան 59-րդ քայլին պարտության մատնեց ուկրաինացի Իննա Գապոնենկոյին, իսկ Աննան ուկրաինացի մեկ այլ շախմատիստուհու՝ Նատալիա Բուկսայի հետ 39-րդ քայլին հաշտություն կնքեց:

Վերջին տուրից առաջ Դանիելյանն ու Սարգսյանը մեկ միավորով են հետ մնում աղյուսակը գլխավորող վրացի Մերի Արաբիձեից և լեհ Օլիվիա Կյոլբասայից:

Լիլիթ Մկրտչյանը 29-րդ քայլին հաղթեց սերբ Իրինա Չելուշկինային ու վաստակեց 6,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Մարիամ Մկրտչյանը, որը 52-րդ քայլին հաղթեց ադրբեջանցի Գունայ Մամազադային:

Տուրն անհաջող էր Սուսաննա Գաբոյանի և Պոլինա Կոբակի համար, որոնք պարտվեցին համապատասխանաբար գերմանացի Լառա Շուլզեին ու խորվաթ Տիհանա Իվեկովիչին: Գաբոյանը վաստակել է 5 միավոր, Պոլակը՝ 4:

Մարտի 29-ին կայանալիք 11-րդ տուրի մրցախաղերով Եվրոպայի առաջնությունը կավարտվի:

Back to top button