ՆորություններՍպորտ

Արարատ-73-ի լեգենդար հաղթանակներից անցել է 50 տարի․ բացվեց թիմի լավագույն կադրերի ցուցահանդեսը

«Լուսանկարն ինքնին պատմություն է։ Սրանք մոռանալու բաներ չեն, եթե ես այս լուսանկարները չունենայի, այդ 89-րդ րոպեի նկարը չունենայի, միևնույն է չէի մոռանա այդ դրվագները, այդ 89-րդ րոպեն բոլորինս է»,-ասում է ֆոտոլրագրող Մելիք Բաղդասադարյանը, որի նախաձեռնությամբ էլ Երևանի «Արարատը» «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձի առթիվ ֆոտոցուցահանդես է կազմակերպել։

Բաղդասարյանը, որը եղբոր՝ Հերբերտ Բաղդասարյանի հետ անմահացրել է երևանյան ակումբի անմոռանալի հաղթանակների պահերը, ուզում է առանձին խոսել միայն այդ 89-րդ րոպեի լուսանկարի մասին․

«Լուսանկարների մեջ մի նկար կա, որի մասին երկու խոսք ուզում եմ ասել․ պատկերված է «Արարատ»-Կիևի «Դինամո» խաղի 89-րդ րոպեն։ Այդ 89-րդ րոպեի իրադարձությունը եթե չլիներ, մենք այսօր ուրախանալու բան այդքան էլ երևի չէինք ունենա, կիևցիները կուրախանային, բայց պատմությունն այն է, որ ունենք, ունենք նաև 103-րդ րոպեն։

Շատ եմ ափսոսում միայն, որ 50 տարի անցավ, բայց երկրորդ նման հաջողություն չունեցանք»։

Միջոցառմանը մասնակցում էին նաև «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Սերգեյ Բոնդարենկոն, Էդուարդ Մարկարովը, Նորիկ Պետրոսյանը, Սամվել Պետրոսյանը, ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ներկայացուցիչներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հայկական մի շարք ակումբներից, երկրպագուներ և այլք: 

Սերգեյ Բոնդարենկոն, նախքան բուն միջոցառման մեկնարկը, շրջում էր լուսանկարների մոտով, հատ-հատ նայում դրանք և ցանկացողներին ծանոթացնում դրվագի պատմությանը։

Իսկ արդեն լրագրողների հետ զրույցում լեգենդար ֆուտբոլիստը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այսքան տարիներ անց չեն մոռանում «Արարատ-73»-ի մասին․

«Ուղիղ կես դար է անցել․ 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։ Ուրախ եմ ու երջանիկ, որ խաղացել եմ հայկական «Արարատում», շնորհակալ եմ ժողովրդիս, որ 50 տարի է անցել, բայց մեզ հիշում են։ Մենք կանք ու կմնանք։ Մենք 5 տարի շարունակ ծնկի էինք բերել Սովետական միության ֆուտբոլը»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ «Արարատ-73»-ն իր փառահեղ հաղթանակներով ապացուցել է՝ թիմային հաջողությունները ևս հայերին բնորոշ են՝ քրտանաջան աշխատանքի դեպքում:

«Այսպիսի օրերի սովորաբար ակամայից փշաքաղվում ես, ուրախանում և հպարտանում: Սա իսկապես մեր սպորտի պանծալի ու փառավոր էջերից էր: Ցավոք, «Արարատը» այսօր այդ նույն դրոշակակիրը չէ հայկական ֆուտբոլում, բայց շատ հուսով եմ, որ այդ անունը կրկին կհնչի ամենաբարձր հարթակներում՝ որպես ամենամեծ հաղթանակների նվաճող:

Սա նաև ապացույցն է այն բանի, որ թյուր է այն կարծիքը, թե մենք թիմային հաղթանակ չենք կարող տանել և թույլ ենք թիմային մարզաձևերում: Որտեղ կա աշխատանք՝ այնտեղ կլինի նաև հաջողություն: Վստահ եմ՝ հայկական սպորտում մենք շուտով նաև թիմային մեծ հաղթանակներ ենք ունենալու»,- ասաց Կարեն Գիլոյանը:

Լուսանկարների ցուցահանդեսից բացի կայացավ «Արարատ» ֆուտբոլային ակումբի կողմից հրատարակված՝ Արսեն Կակոսյանի «Ֆուտբոլին հաջորդող գիշերը․ երկրպագուի օրագիր» գրքի շնորհանդեսը, որում հեղինակը փորձում է վերլուծել և հասկանալ ֆուտբոլի մասսայականության պատճառները, սպորտային կոլեկտիվի և դրա ղեկավարման առանձնահատկությունները։

Հիշեցնենք՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբն ամբողջ տարվա ընթացքում նախատեսում է չեմպիոնական մրցաշրջանը խորհրդանշող միջոցառումներ անցկացնել: Իսկ ֆոտոցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում բաց կլինի մարտի 28-ից ապրիլի 1-ը։

Back to top button