ՄիջազգայինՆորություններ

Չնայած մահաբեր հարձակումներին՝ ԱՄՆ-ը շարունակելու է իր առաքելությունը Սիրիայում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ետ չի կագնելու Սիրիայում իր 8-ամյա տեղակայման ծրագրից, որտեղ պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հավելել է, որ Վաշինգտոնը «զգոն է լինելու»՝ նշելով, որ ԱՄՆ-ին նման հարձակումները չեն կասեցնելու:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցածի հետևանքով Սիրիայում ԱՄՆ-ի դիրքավորման փոփոխություն չի եղել», — Քիրբիի խոսքերը մեջբերում է Al Arabiya-ն՝ հավելելով, որ ԻՊ-ի դեմ պայքարը կշարունակվի:

Նշենք, որ մարտի 23-ին Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ անօդաչու թռչող սարք էր արձակվել, որի հետևանքով սպանվել էր ամերիկացի մեկ կապալառու, վիրավորվել՝ ևս մեկը: Մարմնական վնասվածքներ է ստացել ևս 5 ամերիկացի զինծառայող:

ԱՄՆ-ի զինված ուժերը պատասխան ավիահարվածներ են հասցրել: Համաձայն Մարդու իրավունքների սիրիական դիտարանի՝ Դեր Զորում հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, որից 3-ը Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ էին:

Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել էր հրթիռակոծություն՝ նշելով, որ ԱՄՆ-ի նման վարքագիծը ոչ այլ ինչ է, քան Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպտագույն խախտում:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես դատապարտել է ԱՄՆ-ի ավիահարվածները՝ Վաշինգտոնին մեղադրելով «քաղաքացիական վայրերը» թիրախավորելու մեջ։

regionmonitor.com

Back to top button