Կրակոցներ ամերիկյան դպրոցում. կա 6 զոհ, 3-ը՝ երեխա. հարձակվողը տրանսգենդեր կին է

Առնվազն երեք երեխա և երեք մեծահասակ սպանվել են երկուշաբթի Թենեսիի մայրաքաղաք Նեշվիլի քրիստոնեական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է BBC-ն: Պարզվել է, որ հարձակվողը 28-ամյա տրանսգենդեր կին է, նա սպանվել է ոստիկանների կրակոցից։
Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ հարձակվողը զինված է եղել երկու ինքնաձիգով և ատրճանակով։
Մամլո ասուլիսի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչ Դոն Ահարոնը հայտնել է, որ հրաձգության հետևանքով զոհվածների թվում են երեք երեխա և դպրոցի երեք աշխատակից։ Մահացած երեք երեխաներն էլ 9 տարեկան էին։ Մեկ ոստիկան վիրավորվել է:
Հանցագործությունից մի քանի ժամ անց ոստիկանությունը տվել է կրակողի անունը՝ դա Օդրի Հեյլն է, ով, ըստ իրավապահների, իրեն տրանսգենդեր է ներկայացրել։
Ոստիկանները հայտնել են, որ հարձակվողի մոտ ինչ-որ «մանիֆեստ» են հայտնաբերել և որոշ ենթադրություններ ունեն, սակայն ստույգ դրդապատճառները դեռևս չեն կարող նշել։
Նեշվիլի դպրոցը, որտեղ տեղի է ունեցել զանգվածային սպանությունը, մասնավոր քրիստոնեական տարրական դպրոց է: Այնտեղ սովորում է մոտ 200 աշակերտ։