Անիի ՏԻՄ ընտրություններին մասնակցած բոլոր 4 քաղաքական ուժերն ընդգրկված կլինեն նոր ձևավորվող ավագանիում

Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում անցկացվել են ավագանու արտահերթ ընտրություններ: Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է քվեարկության նախնական արդյունքները։ Ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․
«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք — 3134 քվե,
«Հայկական երազանք» կուսակցություն — 795 քվե,
«Իմ հզոր համայնք» կուսակցություն — 744 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 5180 քվե:
Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։
Անի համայնքը 19 բնակավայր ունի, որի կենտրոնը Մարալիկ քաղաքն է: Անիում այս ընտրությունները կրկնակի էին, քանի որ անցած տարի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում առաջադրված ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չէր հավաքել, և տեղական իշխանություն չէր ձևավորվել: Հիմա, դատելով ձայների այս բաշխվածությունից, ենթադրվում է, որ նոր ավագանիում մեծամասնություն կկազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ ընտրություններին մասնակցածների կեսից ավելիի քվեին է արժանացել:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Արման Սաղաթելյանն է, ով Մարալիկի, Արթիկի և Ախուրյանի «Հայփոստի» համակարգողն էր, իսկ անցած տարվա դեկտեմբերից՝ Անի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը: «Հայկական երազանք» կուսակցության ցուցակը գլխավորում է Անիի ավագանու նախկին անդամ, գործարար Ագուն Սաղաթելյանը: «Իմ հզոր համայնք» կուսակցության առաջին համարը Սառնաղբյուրի բնակիչ Արմենակ Նաջարյանն է: «Ազգ-համայնք» դաշինքի ընտրացուցակը գլխավորում է Մարալիկի երկարամյա քաղաքապետ, Անի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արտակ Գևորգյանը:
Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Նաջարյանը ԳԱԼԱ-ին հայտնեց, որ առաջադրված բոլոր 4 քաղաքական ուժերն էլ ներկայացված կլինեն Անիի նոր ձևավորվող ավագանիում, ու թե ո՛ր ուժը քանի մանդատ կստանա, դեռևս հայտարարել չեն կարող: Դա ավելի ուշ կպարզվի:
Բողոքարկման դիմումների ընդունման համար սահմանված են հետևյալ ժամկետները. մարտի 27-ին՝ ժամը 12-ից մինչև 18-ը և մարտի 28-ին՝ ժամը 9-ից մինչև 11-ը: Անկախ նրանից, թե վերահաշվարկի համար բողոքարկման դիմում ներկայացնողներ կլինեն, թե ոչ, ըստ Արթուր Նաջարյանի, մարտի 28-ին՝ ժամը 11-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ ընտրելու է 3 տեղամասեր, որոնց պարկերը բացվելու են և վերահաշվարկ է իրականացվելու: Սա նորույթ է, նախկինում չի եղել:
Կարինե Կազարովա