Նորություններ

Ավտովթար Երևանում. Opel Zafira-ն կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու մասամբ հայտնվել մայթին. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում՝ դեպի Իսակովի պողոտա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, այնուհետև բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարատկի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

shamshyan.com

Back to top button