Նորություններ

Խոշոր ավտովթար Լուսակերտի զորամասի մոտ. Opel-ը բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. կա 4 վիրավոր

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Լուսակերտից դեպի Արգել ճանապարհահատվածում՝ դեպի Լուսակերտ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Տարոն Բարսեղյանը և Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:

Շտապօգնության բժիշկները 2 վիրավորներին, ովքեր անչափահաս են եղել, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորներից 2-ին տեղում օգնություն են ցուցաբերել պարեկները, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել պարեկներ Արմեն Ավետիսյանը, Դավիթ Սամվելյանը ու Կամո Մկրտչյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և ճանապարհի խցանում տեղի չունենա:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Back to top button