ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Կարմրուկի բռնկում. համաճարակաբաններն անհանգստացած են ևս մեկ խնդրով

Հանրապետությունում մոտ 18 տարի կարմրուկի վարակի դեպքեր չէին գրանցվել: Հիվանդության բռնկումը տեղի ունեցավ անսպասելի: Համաճարակաբաններն անհանգստացած են մեկ այլ խնդրով ևս. հնարավոր է, որ նույն կերպ հանկարծակի գլուխ բարձրացնեն մոռացված այլ հիվանդություններ ևս՝ դիֆթերիան ու փայտացումը: Սրանք այն հիվանդություններն են, որոնց կանխարգելման համար պատվաստանյութեր կան: 2 հիվանդությունները կանխարգելող պատվաստանյութը մեկն է, որը 18 տարեկանից հետո մարդիկ պետք է ընդունեն ամեն 10 տարին մեկ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի իմունականխարգելման պատասխանատու Սոնա Ոսկանյանը ԳԱԼԱ-ին հայտնեց, որ  մեծահասակ բնակչությունը խուսափում է պատվաստվելուց: Նրա հորդորն է՝ նշված ծանր հիվանդությունների դեմ անպայման պատվաստվել պոլիկլինիկաներում, այլապես վարակը հաղթահարելը կարող է անհնարին լինել:

Ըստ Սոնա Ոսկանյանի՝ դիֆթերիան օդակաթիլային վարակ է, որի հարուցիչով վարակվելու դեպքում բկանցքում անգինայի պատկեր է առաջանում ու կարող է շատ բարդ ընթացք ունենալ: Փայտացումը նույնպես ծանր հիվանդություն է: Ըստ համաճարակաբանի՝ այն իր ծանր ընթացքով նման է կատաղություն հիվանդությանը, և ինչպես կատաղության դեպքում, փայտացումն էլ ավարտվում է մահով:  Ինչպես հայտնի է, կատաղություն հիվանդությունը մարդուն փոխանցվում է հիմնականում կենդանիներից, ավելի շատ շներից:

Back to top button