Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախ միջազգային խաղաղապահ ուժեր հրավիրելու գաղափարը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մեկնաբանել է Արցախ միջազգային խաղաղապահ ուժեր հրավիրելու գաղափարը։
«Նման համաձայնությունների համար մեծ աշխատանք է անհրաժեշտ։ Ակնհայտ է մի բան՝ Արցախում անվտանգության բաղադրիչը շատ կարեւոր նշանակություն ունի եւ առանց խաղաղապահ ուժերի առկայության հնարավոր չէ, ինչի մասին մենք համոզվում ենք ամեն օր։ Որքան կատարյալ լինի մեխանիզմը, այնքան լավ»,- «Արցախ. շրջափակման 100 օր» տեսակամուրջի ժամանակ ասել է նախարարը։
Նրա խոսքով, հարցերի շրջանակը կախված կլինի նրանից, թե որքանով մեխանիզմը մշակված կլինի։ «Եթե ռուս խաղաղապահների ներկայիս թվի փոխարեն լինի 5 կամ 10 անգամ ավելի, կամ եթե ուժերը տեխնիկապես ավելի հագեցած լինեն, ավելի լավ կլինի։ Մենք չենք բացառում այլ երկրների եւ կառույցների մասնակցությամբ ձեւաչափը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես քննարկվել է միջազգային ուժերի հարցը։ Բայց սա հեշտ լուծվող հարց չէ»,- ասել է նախարարը»։