Նորություններ

40-ամյա տղամարդը նստել է «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, սպառնացել է վարորդին, ապա կողոպտել նրան

Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտ ամսին ոմն Նիկոլայ Սուրենավան բնակավայրում կատարել է կողոպուտ: Ձեռնարկված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակիչ: Պարզվել է նաև, որ 40-ամյա տղամարդը մարտի 16-ին Սուրենավան գյուղի կենտրոնական ճանապարհին նստել է «Մերսեդես» մակնիշի մի մեքենա և վարորդից պահանջել, որ մեքենան վարի Մարմարաշեն բնակավայրի ուղղությամբ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կվնասի:

Արմաշցի վարորդը վախից իջել է մեքենայից և կանգնելով քիչ հեռվում՝ նկատել է, թե ինչպես է տղամարդը բացահայտ հափշտակում մեքենայի նվագարկիչը՝ բարձրախոսներով, համարանիշերը և անձնագիրը:

Արարատի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 22-ին 40-ամյա տղամարդը Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button