Նորություններ

Մ23 ԵԱ. Հայկ Պապիկյանը՝ արծաթե մեդալակիր

Հայկ Պապիկյանը պարտվեց ոսկե մեդալի համար պայքարում: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը 70 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մագոմեդ Բաշիր Խանիեւի հետ եւ պարտվեց 0:10 հաշվով:

Առաջին մրցափուլը Պապիկյանը պասիվ սկսեց: Գրեթե գործողությունների չէր գնում, միայն պաշտպանվում էր: Ադրբեջանը ներկայացնող ըմբիշն ագրեսիվ էր եւ պարբերաբար հրահրում էր Պապիկյանին: Նրա մարզիչն էլ խորհուրդ էր տալիս հունից հանել հայ ըմբիշին: Երկրորդ մրցափուլում եւս Հայաստանի ներկայացուցիչը չէր աշխատում: Նա ակտիվացավ միայն 8 միավոր մրցակցին տալուց հետո, բայց Ադրբեջանը ներկայացնող ըմբիշը մինչեւ վերջ Պապիկյանին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց՝ իր հաշիվը դարձնելով 10:

Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Լեհաստանի ներկայացուցիչ Մաթեուս Լուչժինսկիին: Քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության էր մատել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մուհամադ Սանգարիեւին: Կիսաեզրափակիչում 9:0 հաշվով առավելության էր հասել Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաեւի նկատմամբ:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեդալ նվաճել է 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը: Երիասարդ ըմբիշը բրոնզե մեդալի գոտեմարտում 13:2 հաշվով հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Նուրադին Նովրուզովի նկատմամբ:

Քիչ անց մրցագորգ դուրս կգա 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը, որը բրոնզե մեդալը կվիճարկի Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբուհի Ամիրասլանովի հետ:

Back to top button