Իսպանական գահի ժառանգորդը՝ 17-ամյա արքայադուստր Լեոնորը, 3 տարի զինվորական պատրաստություն կանցնի
Օգոստոսին 17-ամյա արքայադուստր Լեոնորը՝ իսպանական գահի ժառանգորդը, կսկսի եռամյա ռազմական պատրաստությունը։ Այս մասին գրում է New York Post-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսի հաղորդագրությունը։
«Ինչպես բոլոր խորհրդարանական միապետություններում, ժառանգորդը պետք է ունենա ռազմական կրթություն և զինվորական կարիերա: Ժամանակին զինված ուժերի գլխավոր հրամանատարը կլինի կին, և վերջին տարիներին մենք շատ կարևոր ջանքեր ենք գործադրում կանանց զինված ուժերում ներգրավելու համար»,- կառավարության նիստից հետո ասել է Ռոբլեսը։
Արքայադուստրը վերապատրաստման առաջին տարին կանցկացնի Սարագոսայի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում, այնուհետ կտեղափոխվի ռազմածովային դպրոց, որը ներառում է զորավարժանքներ նավի վրա, և կավարտի ուսումը Գլխավոր ռազմաօդային ակադեմիայում։
Կառավարությունն ու թագավորական տունը պայմանավորվել են, որ նրա «շատ ինտենսիվ» ռազմական պատրաստությունը կնախորդի համալսարանում նրա ուսմանը։
Ֆիլիպ VI-ի ավագ դուստր Լեոնորը հոկտեմբերին կդառնա 18 տարեկան։ Մի քանի ամսից նա Ուելսի քոլեջներից մեկում կավարտի միջնակարգ դպրոցի երկամյա դասընթացը։ Նա առաջինն է գահաժառանգների հերթում, եթե ընտանիքում արական սեռի երեխա չծնվի: Լեոնորին հաջորդում է նրա քույրը՝ Սոֆյան։