Նորություններ

Mercedes-ը Իշխանասարի ճանապարհին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ 4 վիրավորները զինվորականներ են

Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների և վարչական պրակտիկայի գործերով ավագ տեսուչ Սարմեն Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ նախաքննությամբ զբաղվի Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժինը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր 4 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում և բոլորը սպաներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

shamshyan.com

Back to top button