ՆորություններՏնտեսական

Շիրակի մարզը չունի սերմերի լաբորատորիա, չկան անասնաբույժներ ու զոոտեխնիկներ. գյուղոլորտի մասնագետների պակասը ինչպե՞ս լրացնել մարզերում

Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին գյուղացիական տնտեսություններին մտահոգում է այն, թե կառավարությունն աջակցության ինչ ծրագրեր ունի: Խնդիրը Գյումրի այցելած կառավարության անդամների առջև բարձրաձայնեց Աշոցք խոշորացված համայնքի Սիզավետ բնակավայրի բնակիչ, ֆերմեր Արարատ Պողոսյանը: Նա ավելի քան 40 հա հող է մշակում, աճեցնում աշորա, ոսպ, ոլոռ, սիսեռ, հնդկաձավար, ցորեն և այլն:

«Շիրակի մարզը չուներ հողերի լաբորատորիա, գյուղացին հողերի որակն առանց իմանալու ցանում էր՝ ինչ պատահի: Շնորհակալ ենք, այդ լաբորատորիան բացեցիք: Սերմի լաբորատորիա էլ չունենք, գյուղացին չգիտի՝ սերմը ինչ ծլունակություն ունի, ինչ որակ ունի, կտանի հողը կլցնե, հետո էլ կասի՝ բերք չստացանք: Սերմի լաբորատորիայի խնդիրն էլ լուծեք,- ասում է ֆերմերն ու ավելացնում։- Ցորենին տալիս եք սուբսիդիա, շնորհակալ ենք, ոսպ աճեցնելու համար ինչո՞ւ չեք տալիս: Ցորենը հաց է, ոսպն էլ մաքուր բույս է, դրսից կբերեն հնդկաձավարն անորակ, մերը էկոլոգիապես մաքուր է, պարարտանյութ չենք տալիս: Մաքուր սնունդ ենք արտադրում, սուբսիդավորեք, թող բոլորն էլ կարողանան արտադրել: Ինչքան շատ լինի, այդքան լավ, ոչ թե քիմիա ընդունե ժողովուրդը, այլ մաքուր սնունդ»:

Արման Խոջոյան

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ի պատասխան ֆերմերի հարցին նշեց, որ Շիրակի մարզում սերմերի լաբորատորիա հիմնելու հարցն այժմ քննարկում են: Ըստ նրա՝ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է բարձրարժեք բույսերի խթանման ծրագիր:

«Մենք ընդհանուր հաշվով օգտագործում ենք շուրջ 227.000 հա վարելահող, որից միայն 155.000 հա-ն ենք կարողանում ոռոգելի դարձնել: Հիմա հարց է դրված մեր առջև. ինչպե՞ս կարող ենք ոռոգելի կամ մշակվող հողատարածքներն ավելացնել, բայց ոռոգվող ցանցերը չզարգացնել: Պետք է ոռոգումը շատ լինի, հասանելի լինի, որ կարողանանք մշակվող հողատարածքները շատացնել,- ասում է փոխնախարարը և ավելացնում։- Մեկ այլ տարբերակ էլ կա. ալտերնատիվ. այն վերաբերում է քիչ ոռոգվող կամ ոռոգում չպահանջող մշակաբույսերին: Այսօր անջրդի պայմաններում հնարավոր է աճեցնել  ցորեն: Եվ որպեսզի մինչև ներտնտեսային ցանցերի կառուցումը, ջրակուտակման համակարգեր զարգացնելու համար ներդրումներ անելը, ջրախնայող համակարգերը կիրառելի դարձնելը, մենք փորձեցինք իրականացնել ցորենի խթանման ծրագիր, որը մի կողմից պարենի անվտանգության խնդիր է լուծում, մյուս կողմից, նաև նպաստում է, որ առկա պայմաններում հնարավոր լինի չօգտագործվող հողերը նույնպես մշակովի դարձնել»:

Արման Խոջոյանի դիտարկմամբ՝ անցած տարի 55.000 հա են կազմել ցորենի ցանքերը, այս տարի, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 73.000 հա աշնանացան ցորեն է ցանվել:

Հիշեցնենք, ըստ աջակցության ծրագրի՝ կառավարությունը մեկ հեկտարի հաշվով հավաստագրված սերմեր ցանողներին կփոխհատուցի 120 հազար, իսկ ովքեր աշնանացան կատարել են ոչ հավաստագրված սերմերով, հեկտարի հաշվով կփոխհատուցվեն 70 հազար դրամի չափով:  Գումարի բաշխումը կիրականացվի փուլ առ փուլ, առաջիկա հինգ օրերի ընթացքում կփոխհատուցվեն Աշոցքի բնակավայրերի հողագործները։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում 5804 շահառու է օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է  շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։

Կառավարության անդամներին ֆերմերները ներկայացրին նաև գյուղմասնագետների պակասի խնդիրը: Անասնաբույժի, զոոտեխնիկի պահանջարկը մեծ է, իսկ մասնագետներ չկան:

Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ պետք է երիտասարդներին ներգրավել սովորելու:

«Էսօր Երևանում ապրելը շատ է թանկացել, մարդիկ չեն գնում ագրարային համալսարանում սովորելու: Անցած տարի ընդամենը 34 դիմորդ է բուհ ընդունվել: Մենք այդ խնդիրն անցած տարի էլ ենք բարձրացրել, հիմա էլ ենք ներկայացրել կառավարությանը, որպեսզի ագրարային համալսարանում, և ոչ միայն այնտեղ, այլ նաև այն ոլորտներում, որտեղ մասնագետների խիստ պահանջարկ ունենք, մտցնենք կրթաթոշակների համակարգը, որպեսզի կարողանանք ուսանողներ ներգրավել»,- նշեց նախարարը:

Թե երբ է կառավարությունը մտադիր  այս նախաձեռնությունը կյանքի կոչել, հստակ ժամկետներ չնշվեցին:

Կարինե Կազարովա

 

Back to top button