ՆորություններՏնտեսական

Հեղինակային իրավունքների խախտումներ, ապօրինի ծագման քսայուղերով հեղեղված շուկա. Շիրակի մարզի գործարարների ակնկալիքը կառավարությունից

Շիրակի մարզի արտադրական որոշ ընկերություններ բարձրաձայնում են հեղինակային իրավունքի խախտումների մասին: Կառավարությունից պահանջում են կանոնակարգել ոլորտը: Խնդիրը նոր չէ Գյումրիի «Մագնոն» ընկերությունում: Ընկերության տնօրեն Աստղիկ Հովսեփյանի խոսքով՝ իրենք արդեն 26 տարի զբաղվում են բակային խաղերի արտադրությամբ: Ունեն իրենց  արտադրական գիծը, որը ինքնուրույն են մշակում՝ 3d ձևաչափով:

«Մեր ընկերության կայքում կա ամեն ինչի հնարավորությունը. և՛ գնառաջարկ ստանալու, և՛ այն, որ պատվիրատուն կարողանա շատ հանգիստ տեսնել իր խաղերը 3d ձևաչափով: Քանի որ մեր կայքում ամբողջ ինֆորմացիան դրված է, համայնքային մրցույթների ժամանակ որպես նմուշ օգտագործում են մեր 3d պատկերները, և դա համատարած բոլոր մարզերում, բոլոր քաղաքներում: Դա կոնկրետ մի համայնքապետարանի չի վերաբերում»,- ասում է Աստղիկ Հովսեփյանն ու ավելացնում. «Մենք ունենք հեղինակային իրավունք, մենք ունենք վկայագիրը, որոշ խաղերի համար ունենք սեփականության իրավունք, վերջապես դա մեր մտավոր սեփականությունն է: Ինչպե՞ս է կարգավորվում այդ հարցը, որ համայնքապետարանները իրենց մրցույթների ժամանակ չօգտագործեն տեղական արտադրողների մտավոր սեփականությունները, կամ օգտագործելու դեպքում, եթե մենք ներկայացնում ենք վկայականը, տվյալ մրցույթը չեղյալ համարվի»:

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը գործարարին հայտնեց, որ հարցը բացի տնտեսականից, նաև իրավական ուղղության է: Այն լուծելու ստանդարտ ձևը հենց դատարան դիմելն է, բայց դատարաններում խնդիրը ոչ միայն հեղինակային իրավունքի, այլև տարբեր հարցերի շուրջ կարող է տևել այնքան ժամանակ, որ այդ գործարարը հիասթափվի և իր բիզնեսը փակի:

«Եթե մտածում եք, որ էդտեղ պետք է լրացուցիչ գործիքակազմ, որ գնումներ իրականացնողը ինքը էդ ամեն ինչը նայի, կարող ենք քննարկել, բայց էստեղ, կարող է ես սխալվում եմ, բայց խնդիրը առաջին հերթին գործարարինն է: Համոզված եմ, ցակացած ընկերություն իր գործունեությունից բացի, նաև իր հեղինակային իրավունքով է զբաղվում: Մենք էդ խնդիրն ունենք թե՛ արվեստի բնագավառում և թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Եթե գտնում եք, որ կարող ենք որևէ բան անել, եկեք քննարկենք»,- պատասխանեց Բաբկեն Թունյանը:

Շարժիչային և արդյունաբերական յուղեր արտադրող հայաստանյան միակ ընկերության տնօրեն Գայանե Գրիգորյանի մտահոգությունն այն էր, որ շուկայում անհայտ ծագման շարժիչային և այլ  յուղեր են հայտնվել, որոնք ինքնարժեքից էլ ցածր գնով են վաճառվում ու օրինական արտադրողին վնաս հասցնում: Նրա խոսքով՝ ինքը տեղյակ է, որ 5 ապօրինի արտադրողներ կան, որոնք վառված յուղերին այլ նյութեր են խառնում, վերամշակում ու շուկայում էժան գնով վաճառում, սպառողներին մոլորության մեջ գցում:

Այն, որ մաքսանենգ ճանապարհով մեքենայի յուղեր  են ներկրվում Հայաստան, պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը տեղյակ էր, իսկ ապօրինի արտադրողների խնդրով խոստացավ զբաղվել:

«Մենք ամեն օր մաքսակետերում արձանագրում ենք մաքսանենգության դեպքեր, թե՛ թաքցված շրջանառություն: Ասեմ, որ մենք թույլատրել ենք սկզբում 50 կգ, հետո 25 կգ ներմուծումներ կատարել առանց լրացուցիչ բեռի, բայց  երբ որ օրենքով ներկրողներին նման հնարավորություններ ենք տալիս, պետք չէ դժգոհել, որ քաղաքացիները կամ բիզնեսը դրանից օգտվում են: Հիմա հանրապետության 3 սահմանամերձ մարզերում բոլոր բնակիչները զբաղված են էդ 25 կգ-ների շրջանակներում ներմուծում կատարելով, որոշ դեպքերում մեքենայի յուղերը մաքսանենգ ճանապարհով է գալիս, և գրեթե ամեն օր մենք հայտնաբերման դեպք ենք ունենում յուղերի»,- նշեց ՊԵԿ նախագահը և հավելեց. «Քանի որ խնդիրը բարձրաձայնեցիք, է՛լ ավելի կկենտրոնանանք: Նաև հարավային սահմանով մեծ քանակությամբ իրանական բեռնատարներով տարբեր վառելիքներ են ներմուծվում, ճանապարհներին վաճառվում են և այլն: Այսինքն, շղթան պատկերացնում ենք, մեր ուշադրության կենտրոնում է խնդիրը: Միգուցե ժամանակը եկել է այլևս թույլ չտալու էդ 25 կիլոգրամների ներմուծումը: Տեսնենք՝ ինչ կարող ենք անել»:

Կարինե Կազարովա

Back to top button