Երբ Ադրբեջանի հարձակման հետևանքով նրա զոհերն ու կորուստները կրկնակի ավելի լինեին, մյուս անգամ Ալիևը հրաման արձակելուց առաջ կմտածեր

Պետք է դադարենք Ադրբեջանի բոլոր ցանկությունները կատարելու տրամաբանությամբ առաջնորդվել, ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նա նշել է՝ որքան նման բանակցողի հետ գնում ես զիջումների, այնքան ախորժակը մեծանում է:
Ըստ Արմեն Պետրոսյանի՝ Բաքվի համար այսօր ձեռնտու է, որ Ռուսաստանի նման խարխլված դիրքերով պետությունը ստանձնի միջնորդություն: Ադրբեջանը խոսում է Ռուսաստանի հետ այնպես, ինչպես ուզում է:
«Նրանք Արցախում գործում են այնպես, ինչպես ցանկանում են և, ըստ էության, կարողանում են կուլիսային բանակցությունների արդյունքում ռուսներին ինչ-որ բան զիջելով՝ քայլ առ քայլ իրենց շահերն առաջ մղել: Ինչ վերաբերում է Արևմուտքին, նրանք շատ լավ հասկանում են, որ կտրուկ դիրքավորումը՝ արցախյան թեմայի առաջմղմամբ, կարող է հանգեցնել Ադրբեջանի կորստին: Ադրբեջանը շատ կարևոր երկիր է իրենց համար»: