ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Հայաստանն այսօր ուզում է փոխել իր անվտանգային համակարգը, որին, բնականաբար, դիմադրում է Ռուսաստանը»

«Ռուսաստանին ձեռնտու է, որ Արցախում ապրեն հայեր, որովհետև դա կարդարացնի խաղաղապահների ներկայությունը: Ձեռնտու  է նաև, որ տարածաշրջանում չլինի տևական խաղաղություն»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

«Ցանկանում են ոչ թե խնդրի կարգավորում, այլ հակառակը՝ տևական, բայց վերահսկելի լարվածություն, որովհետև դա Ռուսաստանին կօգնի որպես լծակ օգտագործել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա՝ ճնշումներ գործադրելու իմաստով: Մյուս կողմից, Ռուսաստանն այս պահին չի ցանկանում նոր լայնամասշտաբ պատերազմ, որովհետև այդ դեպքում ինքը ստիպված կլիներ ներքաշվել երկրորդ ճակատով»,- նշեց  քաղաքագետը:

Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր ուզում է փոխել իր անվտանգային համակարգը, որին, բնականաբար, դիմադրում է Ռուսաստանը:

«Ռուսաստանը մեր այդ որոշման վրա ազդելու բազմաթիվ լծակներ ունի և կարող է ամեն պահի մեզ վատություն անել՝ փորձելով մեզ պահել իր անվտանգային համակարգում, իր անվտանգային հովանոցի տակ, որն իրականում նորմալ հովանոց էլ չէ, մենք ամեն օր, ամեն ժամ դրանում համոզվում ենք»:

Մյուս կողմից, քաղաքագետի խոսքով՝ մեզ, ըստ էության, այլ հովանոց չի էլ առաջարկվել, որը կարող է փոխարինել ռուսականին: Հարցին, թե այդ պարագայում հասկանալի՞ է, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, Արմեն Բաղդասարյանը նշեց.

«Նա իդեա ֆիքս ունի, որ ինքը փրկիչ է, որ կարող է Հայաստանը դուրս բերել թուրքական զնդանի և ռուսական մուրճի միջից… Նա իրեն փրկիչ է համարում և որոշել է այդպիսի ծրագիր իրականացնել: Փաշինյանը, ինչպես միշտ, ռիսկի է դիմում, և, ինչպես միշտ, խաղասեղանին դրվում է ոչ թե իր անձնական ունեցվածքը, այլ պետությանն ու ժողովրդինը, և տանուլ տալուց հետո էլ մտածում է, որ մեղավորներ կգտնեն:

Պետության ղեկավարն իրավունք չունի ռիսկի դիմել այդպիսի գոյաբանական խնդիրներում, եթե անգամ դրա իրականացման հնարավորությունները բավականին մեծ են: Եթե նույնիսկ 90 տոկոս հավանականություն կա, որ դա կիրականացվի, նա, միևնույն է, իրավունք չունի դա անել, որովհետև կա պետականությունը կորցնելու 10 տոկոս հավանականություն, բայց այս դեպքում մենք անգամ 10 տոկոս հավանականություն չունենք հաջողության հասնելու: Եվ բոլորն են մեզ այդ մասին զգուշացնում…»:

Back to top button