ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Եթե ՌԴ բազան Գյումրիից գնա, ամերիկյան կամ ֆրանսիական զորքը կգա՞. մեզ տանում են արկածախնդրության». Ռ. Մելքոնյան

«44-օրյա պատերազմը համաշխարհային բախման պրոցեսի սկիզբ էր. պայմանական ասած՝ երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց հարավային Կովկասի այս թեժացմամբ:  Այս տարածաշրջանում, բառի ուղիղ իմաստով, տեղի է ունենում քարտեզների, սահմանների փոփոխություն, ընդ որում, առանց որեւէ օրենք հաշվի առնելու»,- ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա՝ հնարավոր չէ  այսօր հասնել խաղաղության, քանի որ Հայաստանը չունի դիմադրելու, իր շահերն ու իրավունքները պաշտպանելու ռեսուրս, 44-օրյա պատերազմում մեր կրած պարտությունը շարունակվում է դիվանագիտական ասպարեզում:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանն այս փուլում զբաղված է այսպես կոչված «անվտանգության հովանոցի» փոփոխությամբ՝ հաշվի առնելով ընդգծված հակառուսական քաղաքականությունը եւ ԵՄ դիտորդներին Հայաստան հրավիրելու հանգամանքը, Ռուբեն Մելքոնյանը նշեց.

«Եթե դա իրոք «անվտանգության հովանոց» է, այլ ոչ թե հովանոցի իմիտացիա, ապա դա պետք է երեւա եւ տա իր պտուղները: Ի՞նչը կարող է զսպել որեւէ միջազգային օրենք չհարգող Թուրքիային եւ Ադրբեջանին, որը գտնվում է Հայաստանի սուվերեն տարածքում. արդյո՞ք ֆրանսիացի մի քանի ժանդարմները, եվրոպացի մի քանի դիտորդները, ու արդյո՞ք նույն այդ հովանոցը փրկել է, օրինակ, Կիպրոսը թուրքական օկուպացիայից…

Երբ դու հովանոց ես փոխում հորդ անձրեւի ժամանակ, իսկ հիմա աշխարհում «հորդ անձրեւ է», փոխելու ընթացքում մի պահ մնում ես առանց հովանոցի… հարց է, թե ինչքան կթրջվես, եւ դրանից հետո քեզ հետ ինչ կպատահի: «Հորդ անձրեւը», որը տեղի է ունենում աշխարհում, կարող է մեզ, որպես պետություն, «թրջել մինչեւ վերջ»»:

«Սեւրի բարդույթ» է հավատալն այն միֆերին, որոնց չափազանց դժվար է հավատալ, նշեց պատմաբանը՝ ավելացնելով. «Այնքան առաջ է գնացել երեւակայությունը, որ մարդիկ կան, ովքեր խոսում են Գյումրիի բազայում ռուսական զորքի փոխարեն ֆրանսիական կամ անգլիական զորքի տեղակայման մասին…սա մեկ բառով կոչվում է արկածախնդրություն»:

Back to top button