Տոյվո Կլաարն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ևս մեկ հանդիպում կազմակերպել Թբիլիսիում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ողջունել է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կամրջի դեր ստանձնելու Վրաստանի ցանկությունը։ Այդ մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը:
«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն ու նպաստեն խաղաղությանը, և այստեղ շատ կարևոր է նաև Վրաստանի դերն այդ հարցում: Տրամաբանական է, որ նույն տարածքում գտնվող երեք երկրները պետք է փորձեն գտնել համագործակցության ոլորտներ, օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում։ Ես մեծ ներուժ եմ տեսնում ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Տոյվո Կլաարը։
Եվրոպացի պաշտոնյան հուսով է, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունը կավելանա և կսերտանա։