Ուժեղ ձնաբքի պատճառով արգելափակված 31 մեքենա է դուրս բերվել Երևան-Լանջիկ ավտոճանապարհից

Առատ տեղումների հետևանքով դժվարանցանելի են դարձել Շիրակի մարզի ավտոճանապարհները՝ գրեթե բոլոր ուղղություններով: Ուժեղ ձնաբքի պատճառով Երևան-Լանջիկ ավտոճանապարհին արգելափակման մեջ մեքենաներ են մնացել: Ահազանգ է ստացվել մարզի փրկարարական վարչություն: Ականատեսներից ԳԱԼԱ-ին տեղեկացրին, որ Երևան-Լանջիկ ավտոճանապարհի 41-րդ կիլոմետրից հրշեջ-փրկարարները դուրս են բերել 31 ավտոմեքենա՝ 61 ուղևորներով: Վատ տեսանելիության պատճառով Գյումրի-Երևան ավտոճանապարհի հիշյալ հատվածը դժվարանցանելի է: Հրշեջ-փրկարարական 1 մեքենա տեղում հերթապահում է, որպեսզի խցանումներում հայտնված ու արգելափակված մեքենաները արագ դուրս բերվեն: Բուքը շարունակվում է, միաժամանակ նաև մաքրման աշխատանքներ են տարվում, մայրուղին ավազով ու աղով մշակում: Տեսանելիությունը վատ է ոչ միայն այս ավտոճանապարհին: Հրշեջ-փրկարարները 1 մեքենա էլ արգելափակումից դուրս են բերել Ամասիա-Բերդաշեն ճանապարհին:
Աշոցքի ավտոտրանսպորտային և ճանապարհների սպասարկման ընկերության գլխավոր ինժեներ Ալեքսան Քոչոյանը ԳԱԼԱ-ին հայտնեց, որ Աշոցքում և Ամասիայում առավոտվանից ձյունը չի դադարում, միջպետական և հանրապետական ավտոճանապարհներին տեխնիկան աղ ու ավազ է շաղ տալիս, երթևեկությունը կանգ չի առել:
Աշոցք խոշորացված համայնքի Բավրա բնակավայրում նույնպես բուքը շարունակվում է: Բավրայի բնակիչ Կորյուն Սումբուլյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան ինքը Բավրայից Գյումրի է եկել, ճանապարհը բաց էր, մաքրում էին, տեղ-տեղ սառցակալած հատվածներ կային, ճանապարհից դուրս սպասող մեծ բեռնատարներ՝ ևս: Բայց մայրուղին սպասարկող ընկերությունը, ըստ Կորյուն Սումբուլյանի, բավականին ինտենսիվ է աշխատում ու արագ հասցնում մաքրել մայրուղին:
Այլ է վիճակը գյուղամիջյան ճանապարհներին: Դրանք ավելի ուշ են մաքրվում, չեն հասցնում, քանի որ սպասարկող ընկերությունների տեխնիկական ամբողջ ներուժն առաջին հերթին ուղղվում է միջպետական և հանրապետական ավտոճանապարհները բաց պահելուն:
Դժվարանցանելի են Ամասիայի հեռավոր գյուղեր տանող ճանապարհները ևս: Ալեքսան Քոչոյանի հավաստմամբ՝ դեպի Շաղիկ գյուղ տանող ճանապարհից իրենց ընկերության տեխնիկաներն այսօր 3 մեքենա են դուրս բերել արգելափակումից: Դրանք ճանապարհից հետ են դարձել և ուղևորվել դեպի Ամասիա:
Ամասիա խոշորացված համայնքի Ծաղկուտ գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Մադոյանը ԳԱԼԱ-ին հայտնեց, որ իրենց գյուղի ճանապարհները թեև առավոտյան մաքրվել էին, բայց ձյունը շարունակում է տեղալ, ու մաքրելուց 4-5 ժամ անց ավտոճանապարհներին ձյան հաստությունն արդեն 30 սմ-ի է հասնում: Ճանապարհը երթևեկելի է այնքան ժամանակ, քանի բուք չկա: Շիրակի մարզի, այսպես ասած, Ձորի գյուղեր տանող ճանապարհը մաքրված է, ըստ Ալեքսան Քոչոյանի, այս ուղղությամբ տեղումներ չկան:
Կարինե Կազարովա