ՆորություններՔո ձայնը

«Հրաժարական չտալը Հայաստանում առաջացնելու էր անկանխատեսելի հարվածի գերբարձր ռիսկ, ընդհուպ թերեւս նաեւ հենց անձնապես իր համար»

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը սոցցանցի իր էջում գրել է.

Երկար ստացվեց, բայց պատկերացրածս շղթան փորձեցի համեմատաբար ամբողջացնել:
Առաջին նախագահի հրաժարականի 25-րդ տարեդարձի առիթով հրապարակված հայտնի ռեպորտաժը, որ շքերթով անցնում է համացանցում, առիթ է տվել հերթական անգամ արձանագրելու, որ 1998 թվականին նրա հրաժարականով կորցրել ենք կարգավորման հնարավորություն:
Այս մասին կարծիքս արտահայտել եմ բազմիցս, կրկնեմ մեկ անգամ էլ: 1998-ին չկար կարգավորման հնարավորություն, ու տարածվող ռեպորտաժի մեջ առկա տեղեկատվության տողատակը հենց դրա վկայությունն է: Պետք է ուշադրությամբ լսել կամ ընթերցել օրինակ հաղորդագրությունները, որ միմյանց են հղում Թելբոթն ու Պրիմակովը:
Չէր կարող, պարզապես չէր կարող 1998-ին լինել կարգավորման հնարավորություն, եթե Ռուսաստանում հենց այդ շրջանում նախ առաջացել էր տնտեսական խոշոր ճգնաժամ, ու սրվել իշխանության փոխանցման հարցը: Այդ ժամանակ կարգավորում կարող էր լինել միայն Ռուսաստանի՝ «խաղից դուրս» մնալով, ինչն էլ պրակտիկորեն անհնար էր:
Ավելին, ԱՄՆ փորձում էր այդ շրջանում հենց օգտվել Ռուսաստանի տնտեսա-քաղաքական բարդ վիճակից եւ առաջ մղել կարգավորում, ինչը սակայն անել չկարողացավ: Որովհետեւ, Ռուսաստանի համար որքան էլ բարդ էր վիճակը, այդուհանդերձ թույլ տալ այդ շրջանում կարգավորում, նշանակելու էր դնել Կովկասում իր վերջի սկիզբ, եւ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ադրբեջանի առումով: Հակամարտությունը ՌԴ համար ոչ միայն, եւ նույնիսկ ոչ այնքան Հայաստանի, որքան Ադրբեջանի հանդեպ ազդեցության լծակ է:
Հայաստանի հանդեպ ՌԴ ունի բազմաշերտ ազդեցության այլ լծակներ, իսկ Ադրբեջանի հարցում նրա խնդիրը առավել բարդ է, որովհետեւ կա Թուրքիայի գործոնը, որը հետխորհրդային շրրջանում լրջագույն ռեսուրսային մրցակցության ձեռնոց է նետել Մոսկվային՝ Ադրբեջանի հարցում, եւ նետել է դա ոչ առանց Արեւմուտքի աջակցության:
Այդպիսով, կարգավորման անխուսափելիության դեպքում, Ռուսաստանը Կովկասում իր վերջի սկիզբ թույլ չտալու համար կարող էր գնալ ամենաանկանխատեսելի քայլերի: Լեւոն Տեր-Պետրոսյանը անկասկած ամենից լավն էր պատկերացնում դա: Եվ, երբ օրինակ հայտարարում է, որ՝ հրաժարական չտալու դեպքում Հայաստանում կլիներ քաղաքացիական պատերազմ, նա բոլորովին նկատի չունի, թե Վազգեն Սարգսյանը կամ, Ռոբերտ Քոչարյանն էին դա անելու, եւ նկատի չունի միայն, որ հենց դասական քաղաքացիական պատերազմի տեսքով էր դա լինելու: Նա նկատի ունի հենց այն, որ իր հրաժարական չտալլը Հայաստանում առաջացնելու էր անկանխատեսելի հարվածի գերբարձր ռիսկ, ընդհուլ թերեւս նաեւ հենց անձնապես իր համար:
Այդ առումով խիստ ուշագրավ է, որ Վանո Սիրադեղյանին ամեն առիթով ընդհուպ պաշտամունքի աստիճան ցիտող շրջանակները սահուն կերպով լռության են մատնում նրա այն խոսքը, որ գործնականում ամբողջ 1997 թվականը Տեր-Պետրոսյանը պատրաստում էր իշխանության փոխանցումը:
Սրա առնչությամբ եմ նաեւ բազմաթիվ անգամներ գրել, որ փոխզիջման կամ տարածքների վերադարձի խնդիրը լոկ «ոչմիթիզականության» հարց ներկայացնելը այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ դա չի եղել այդ խնդրի չլուծման պատճառը, այլ աշխարհաքաղաքական մեծ դիմակայությունն ու այդ մեծ խաղի մասնակիցների վերաբերմունքը իրավիճակի հանդեպ: Հետեւաբար, եթե փոքր ինչ պարզունակ, մենք կարող էինք որոշել եւ ասել՝ տալիս ենք, բայց մենք չէինք որոշում, թե ում ենք տալիս: Իսկ, մինչեւ չորոշվի, թե ում ենք տալիս, չէր լինելու ոչ մի «փոխզիջում»:
Կարգավորման գործընթացը հենց դրա վկայությունն է: 2001-ին ԱՄՆ արեց հարցը կարգավորելու իր վերջին՝ քիվեսթյան փորձը, որը եւս տապալվեց: Դրանից հետո ԱՄՆ հրաժարվեց կարգավորման փորձերից, նախաձեռնությունը սահուն կերպով զիջելով Ռուսաստանին եւ նախընտրելով Ռուսաստանին «խանգարելու» մարտավարությունը: Իսկ խանգարում էր բնականաբար լայն ճակատով, եւ այդ ճակատի առաջնագծում՝ Թուրքիայով:
Հենց այդ խնդիրը լուծելու համար էր պետք, որ Թուրքիայում իշխանության գա Արեւմուտքի հանդեպ «անհնազանդ» Էրդողանը, որովհետեւ քաղաքականությունը թատրոն չէ, որ թաքուն ասես սա արա կամ նա արա: Պետք է կարողանաս հաշշվել ու ստեղծել իրավիճակ, հարկ եղած դեպքում մեծ խնդրի համար զոհելով թեկուզ ավելի փոքր շահեր: Այո, այսպես ասած ժողովրդավարական, Եվրոպա ձգտող Թուրքիան «զոհաբերվեց» էրդողաննյան Թուրքիային, որովհետեւ այդպիսի հավակնոտ մեկը կարող էր իր քաղաքականությամբ ճնշում բանեցնել ռուսների վրա եւ ստիպել նրանց գնալ տարբեր պայմանավորվածությունների թե մերձավորարեւելյան, թե կովկասյան ռեգիոնում:
Այդպես էլ գործնականում հասունացավ 44-օրյա պատերազմը, երբ ռուսները անկարող եղան Ադրբեջանին պարտադրել «Լավրովի պլան»՝ ըստ որի ռուս խաղաղապահները պետք է կանգնեին ոչ թե Ստեփանակերտի «փոսում», այլ Իրանին սահմանակից դաշտային հատվածի բերանում՝ Հադրութում, ամբողջ այդ հատվածի լիակատար վերահսկելիության ռազմավարական դիրքով, եւ դրա փոխարեն Թուրքիան պարտադրեց պատերազմի պլանը, կանգնելով միայն Շուշիում:
Ռուսներն էլ հո չե՞ն ասելու՝ թե մենք տանուլ տվեցինք Թուրքիային, պետք է ասեն՝ «բարդ օպերացիա իրականացրինք»:
Այսօր ԱՄՆ վերադառնում է «կարգավորման նախաձեռնողականության» քաղաքականության, փաստորեն երկրորդ շրջանով, համարելով, որ Ռուսաստանը դարձյալ բավարար թուլացել է եւ հնարավոր է օգտվել առիթից, եւ առնվազն այդ «նախաձեռնողականությամբ» ճնշում բանեցնել ռուսների վրա:
Մենք դարձյալ մտածում ենք, թե կա այս կամ այն կարգավորման տարբերակը եւ մեր խնդիրը գոնե այս անգամ որոշելն ու ընտրելն է: Չկա, չի լինելու, քանի դեռ այստեղ կա այդ մի քանի գերուժեղների բազմաշերտ մրցակցությունը: Լավ է դա, թե վատ: Սա նշանակություն էլ չունի: Դա փաստ է՝ չկա տարբերակ, որովհետեւ կա գերուժեղների պայքար: Մեր խնդիրն է առավելագույնն անել բոլոր ուղղություններով, ներքին առավելագույն ամրացումից մինչեւ դիվանագիտական ճկունություն, որ գոնե այս անգամ որեւէ մեկի պլաններում չհասունանա մյուսին պատերազմով ինչ որ բան պարտադրելու կամ կորզելու տարբերակը:
Որովհետեւ, ֆիզիկապես կորզել են ու կորզում են մեզանից՝ դժբախտաբար, բայց ռազմա-քաղաքական առումով գերուժեղները կորզում են միմյանցից:

Back to top button