ԱՄՆ Սենատում Բայդենին կոչ են արել հետաձգել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը

Երկու կուսակցությունների մի խումբ սենատորներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել են հետաձգել Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքն այն պատճառով, որ Անկարան մինչ օրս չի վավերացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը: Ինչպես հայտնել է «Интерфакс»-ը, նամակն ուղարկվել է դեմոկրատ սենատոր Ջին Շեյխինի և հանրապետական սենատոր Թոմ Թիլիսի համատեղ ջանքերով:
Նամակը ստորագրել են նաև երկու կուսակցություններից ևս 25 սենատոր։ Նամակի հեղինակները կարծում են, որ Կոնգրեսը կարող է դիտարկել Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքը միայն այն բանից հետո, երբ Թուրքիան վավերացնի Սկանդինավյան երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Ընդ որում, եթե դա տեղի չունենա, վաճառքը հարցականի տակ կլինի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է Կոնգրեսից պահանջել Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների, ինչպես նաև այդ տեսակի 79 ինքնաթիռների արդիականացման համար նախատեսված լրակազմերի վաճառքի հավանությունը: