ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Փաշինյանը չի փոխվել. նույն գործելաոճով խմբագիր էր աշխատում, որը շատ ծանր էր նստում իր խմբագրության վրա»

«Տարածաշրջանի համար պայքար է գնում, եւ Մոսկվան հասկանում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է ոչ թե նրա համար, որ ասենք լուծի հայ-ադրբեջանական ինչ-ինչ հարցեր, այլ գալիս է իր խնդիրները լուծելու՝ ուղղված Իրանի եւ Ռուսաստանի դեմ»: ԳԱԼԱ-ի »Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Նրա խոսքերով, Հայաստանում կա միամիտ պատկերացում, թե դիտորդական առաքելության Հայաստան գալով՝ մենք կփրկվենք:

«Հայկական կողմին ոչ մեկը չի կարող որեւէ լուրջ երաշխիք տալ: Այս տարածաշրջանում Արեւմուտքն ունի ընդամենը մեկ խնդիր՝ հանել այստեղից Ռուսաստանին եւ թույլ չտալ Իրանի մուտքը: Հավատալ, որ Արեւմուտքը, որը գնալով ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում ադրբեջանական էներգակիրներից, գալիս է փրկելու հայ ժողովրդին, դա կատարյալ մանկամտություն է: Քաղաքականությունը հիմնված է շահերի վրա, քաղաքականությունը հիմնված չէ պատրանքների եւ հեքիաթների վրա»,-նշեց վերլուծաբանը:

«Հայաստանի իշխանությունները պետք է այս իրավիճակում փորձեին մանեւրել, չփչացնել հարաբերությունները ո՛չ Արեւմուտքի, ո՛չ Ռուսաստանի հետ, սակայն այսօր տեղի է ունենում բոլորովին այլ բան. Հայաստանը վերածվում է գերտերությունների բախման պոլիգոնի:

Հայաստանի իշխանությունները զբաղված են նրանով, ինչով զբաղվել է Նիկոլ Փաշինյանը, երբ «դեղին մամուլի» խմբագիր էր՝ ներողություն բառի համար՝ «մուտիլովկաներով»: Այդ իսկ պատճառով նրան այսօր որեւէ երկիր լուրջ չի ընդունում: Փաշինյանը չի փոխվել. նույն գործելաոճով խմբագիր էր աշխատում, որը շատ ծանր էր նստում իր խմբագրության վրա. ժամանակ առ ժամանակ մտնում էին, ծեծում, ջարդում, մեքենան այրում…հիմա այդ ամբողջը կատարվում է երկրի հետ»,- հայտարարեց Արգիշտի Կիվիրյանը:

Back to top button