Այլ են գործազուրկի և գործատուի ակնկալիքները. Շիրակում ավելի քան 10.000 աշխատանք փնտրող կա
Շիրակի մարզում գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ: Եղած աշխատատեղերը ոչ միայն սահմանափակ են, նաև՝ հիմնականում ցածր վարձատրությամբ: Սա թափուր աշխատատեղերի չհամալրման պատճառներից մեկն է: Մարզի զբաղվածության կենտրոններում հազարավոր գործազուրկներ աշխատանք են փնտրում, երբ առկա ավելի քան 300 աշխատատեղեր թափուր են:
Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի սոցիալական և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ մասնագետ Արմինե Եղիազարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հավաստեց, որ անցած տարեվերջին Գյումրիում գրանցված էր 10.488 աշխատանք փնտրող, որից 6.925-ը՝ գործազուրկ: Կենտրոնում հաշվառված գործազուրկներից ամբողջ տարվա ընթացքում աշխատանքի են տեղավորվել 921-ը, որից ընդամենը 171-ը զբաղվածության կենտրոնի միջոցով:
«Այժմ Գյումրիում ունենք շուրջ 160 թափուր աշխատատեղ, որոնք կենտրոնին ներկայացվել են մոտավորապես 35-40 գործատուների կողմից: Միշտ առկա է վարսահարդարի, դիմահարդարի, մենեջերների, մատուցողների, բուժքույրերի պահանջարկ»,- հայտնեց Արմինե Եղիազարյանն ու ավելացրեց. «Վերջերս ունեցել ենք կարպետագործների պահանջարկ, ինչը մի քիչ տարբերվել է, թե չէ միշտ նույն մասնագիտությունների կարիքը կա Գյումրիում»:
Ըստ պատասխանատուի՝ մատուցողների, հավաքարարների թափուր աշխատատեղերը երկար ժամանակ հնարավոր չի լինում համալրել: Պատճառներից մեկն այն է, որ գործազուրկները չեն ցանկանում մատուցող աշխատել: Հրաժարվում են աշխատանքից նաև ցածր աշխատավարձի, երկարատև աշխատաժամերի պատճառով: Գործատուների առաջարկած աշխատավարձը հիմնականում նվազագույնն է: Կենտրոնում բացառիկ է եղել այն դեպքը, երբ գործատուն հայտում նշել է, որ տվյալ աշխատանքով մինչև 500.000 դրամ կարելի է վաստակել:

Ըստ Արմինե Եղիազարյանի՝ դա մենեջերի աշխատանք է եղել, գործավարձային: Այդ բարձր աշխատավարձն ապահովելը կախված էր միայն աշխատողի աշխատանքի արդյունքից, այսինքն, նա պետք է ընկերության համար մեծ թվով պատվերներ ապահովեր, որ նշված գումարը վաստակեր: Թե դա ինչքանով է հնարավոր սոցիալական մեծ խնդիրներ ունեցող մարզում, արդեն խնդրի մյուս կողմն է:
«Նվազագույնից բարձր աշխատավարձ քիչ գործատուներ են առաջարկում: Նկատում ենք, որ այն գործատուները, որոնք ավելի շատ մասնագիտական հմտություն ու փորձ են պահանջում, ավելի բարձր աշխատավարձ են նշանակում: Ոմանք էլ ասում են, որ գործազուրկներին կսովորեցնեն, մասնագիտական հմտություններ կտան, փորձ ձեռք կբերեն, հետո կընդունեն աշխատանքի: Բնականաբար, այդ գործատուները նվազագույն աշխատավարձ են տալիս»,- ընդգծեց ոլորտի պատասխանատուն:
Ու հենց ցածր աշխատավարձը, նաև այն, որ գործազուրկը աշխատանքը կայուն եկամտի աղբյուր չի համարում, հիմնական պատճառն են, որ մարդիկ նախընտրեն ընտանեկան նպաստը և ոչ աշխատանքը:
Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնում հավաքված նպաստառուները ԳԱԼԱ-ին հայտնեցին, որ իրենք հրաժարվում են աշխատել հիմնականում գործատուների պահանջների պատճառով: Ցածր վարձատրության դիմաց աշխատանքը օրական մինչև 10-12 ժամ է, հաճախ նույնիսկ առանց հանգստյան օրերի: Փոքր երեխաներ ունեցող մայրերը նախընտրում են առաջարկվող աշխատավարձի չափ նպաստ ստանալ, քան աշխատել:
Բայց աշխատանքից հրաժարվելու պատճառը միայն ցածր աշխատավարձը չէ: Գործազուրկների մի մասը պարզապես չի ցանկանում նոր մասնագիտություն սովորել ու նոր հմտություններ ձեռք բերել:

Հովհաննես Հարությունյանը Գյումրիի կոշիկի արտադրամասերից մեկի ղեկավարն է: Ասում է՝ տարիներ շարունակ ինքն աշխատող է փնտրում, նվազագույնից կրկնակի բարձր աշխատավարձը երաշխավորում է, բայց մարդիկ գալիս են, որ սովորեն, սակայն կիսատ թողնում գնում են:
«70 մարդու ես արդեն սովորեցրել եմ կոշիկի արտադրամասի աշխատանքը: Մի մասն առանց սովորելու կիսատ թողնում գնում է, մի մասն էլ սովորելուց հետո է հեռանում, չեն ուզում աշխատել: Ընդամենը 3-4 ամիս է պետք այս գործին տիրապետելու համար, բայց մարդիկ չեն ուզում արհեստավարժ դառնալ»,- ԳԱԼԱ-ին հայտնեց Հովհաննես Հարությունյանը և ավելացրեց. «Զբաղվածության կենտրոնից գործազուրկներ նույնպես եկել են, բայց նրանք էլ չեն աշխատել: Հիմա ես 5 թափուր աշխատատեղ ունեմ, երաշխավորված պատվերներ, նաև օրթոպեդիկ կոշիկներ ենք արտադրում, բայց աշխատողներ չլինելու պատճառով չեմ կարողանում բիզնեսս ընդլայնել: Այսօր տեխնիկական բուհերն ու քոլեջները արտադրողների հետ չեն համագործակցում, դրա համար էլ վիճակն այսպիսին է»:
Նպաստառուի պասիվ կյանքից գործազուրկներին դեպի ակտիվ աշխատողի կյանք բերելու համար պետական մակարդակով փորձնական ծրագրեր են իրականացվում զբաղվածության կենտրոններում:
Անցած տարվա ծրագրերից մեկն այն էր, որ պետությունը միանվագ 350.000 դրամ էր տրամադրում այն գործատուին, որը աշխատանքի կվերցներ նպաստառու գործազուրկի, իսկ եթե գործազուրկը նպաստառու չէր, ապա՝ 250.000 դրամ էր հատկացվում գործատուին: Արմինե Եղիազարյանի հավաստմամբ, Գյումրիում ծրագրին ընդամենը 4 նպաստառու է մասնակցել: Խնդիրը ոչ միայն նպաստառուների մոտ աշխատելու ցանկության պակասն է, այլ նաև գործատուներին ներկայացվող պահանջները, որոնց շատերը չէին համապատասխանում:
«Պահանջների համաձայն՝ գործատուն գոնե 2 տարի պիտի աշխատանքային գործունեություն իրականացրած լիներ, վերջին 3 ամսում գոնե 10 վարձու աշխատող պիտի ունենար, պետական կառավարման մարմնի անդամ պիտի չլիներ: Այնպես որ, մենք գործատուների հարցով խնդիր ունեինք, պետական հատվածի հետ չէինք կարող ծրագիրն անել, մասնավոր հատվածի հետ էինք անելու, նրանք էլ՝ որը 10 աշխատատեղ չուներ, որն էլ նոր էր գործունեությունը սկսել»,- նշեց պատասխանատուն:
Ըստ նրա՝ փետրվար ամսին արդյունքները կամփոփվեն, և ըստ այդմ պարզ կլինի՝ ծրագիրը շարունակվելո՞ւ է, թե՞ փոփոխության է ենթարկվելու:
Կարինե Կազարովա