ԱՄՆ պետքարտուղարը Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական է նշանակել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դիվանագիտական ծառայության անդամ Լուի Լ. Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական: Այս պաշտոնում վերջինս կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջշարժման ուղղությամբ:
«Միացյալ Նահանգները հավատարիմ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև համընդգրկուն խաղաղության պայմանագրի կնքման, այդ թվում` ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում աջակցության հանձնառությանը:
Պարոն Բոնոն երկկողմ հիմքով կհամագործակցի համախոհ գործընկերների, այդ թվում` ԵՄ և այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության հաստատմանն աջակցելու համար»,- ասված է Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: