ՄիջազգայինՆորություններ

Սաակաշվիլին դատական նիստի ժամանակ հանվել է, ցուցադրել հյուծված մարմինը՝ պնդելով, որ իրեն խոշտանգել են

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին այսօր հեռակա կարգով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Դատարանում արդեն երրորդ ամիսն է լսվում է փաստաբանների միջնորդությունը՝ պատիժը հետաձգելու և Սաակաշվիլիին առողջական վիճակի պատճառով ազատ արձակելու մասին։

Նախկին նախագահն ուկրաիներենով ընթերցել է Ուկրաինային ուղղված իր կոչը՝ ասելով, որ վստահ է հաղթանակի մեջ։ «Բայց եթե ես չապրեմ մինչ այդ, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում»,-ասել է Սաակաշվիլին։ Նա նաև նշել է, որ կալանքի տակ գտնվելու ժամանակ իրեն խոշտանգել և թունավորել են։

Այնուհետ նա վեր է հանել վերնաշապիկը և դատարանին ցուցադրել իր ֆիզիկական վիճակը՝ ներողություն խնդրելով բոլորից «ոչ էսթետիկ կադրերի համար»։

«Միակ բանը, որ ես խնդրում եմ, դա ինձ համարժեք բուժման հնարավորություն տալն է…»,- ասել է Սաակաշվիլին՝ դիմելով դատարանին:

Դատավորն անջատել է հեռարձակումը և Սաակաշվիլիին խնդրել հագնվել։

Ձերբակալությունից ի վեր Սաակաշվիլին կորցրել է իր քաշի ավելի քան 30%-ը: Վրաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ նախկին նախագահի ծանր վիճակի մասին խոսակցությունները PR արշավի մի մասն են, իսկ նա սիմուլյացիայի է դիմում:

 

Back to top button