ՆորություններՍպորտ
Մեր ուժեղագույն բռնցքամարտիկներին թույլ չեն տալիս մասնակցել Հայաստանի առաջնությանը. ՊԲՀՖ հայտարարությունը

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը սկսվել է սկանդալով: Ռինգ է մտել լեգենդար բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, և հայտնել, որ իր որդուն թույլ չեն տվել մասնակցել Հայաստանի առաջնությանը: Հակոբկոխյանի որդին մրցումների է մասնակցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի կազմում, իսկ ՀԲՖ-ն արգելել է այդ մարզիկների մասնակցությունն առաջնությանը:
Այս առիթով ՊԲՀՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ:
«Դինամո ՄՀԿ-ում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մի շարք ուժեղագույն բռնցքամարտիկների, որոնք պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի կազմում մասնակցում են տարբեր միջազգային մրցաշարերի, թույլ չի տվել մասնակցել առաջնությանը: Այդ մարզիկների թվում է նաև Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն ու գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանի որդին: Այդ առիթով լեգենդար բռնցքամարտիկն այսօր ռինգում իր բողոքն է արտահայտել: Հակոբկոխյանը նշել է, որ ինքն իր փառահեղ կարիերան կերտել է ռինգում ու հիմա էլ որոշել է բողոքի ակցիա անել հենց ռինգում, քանի որ իրեն ճանաչում է ամբողջ բռնցքամարտի աշխարհը։ Լեգենդար բռնցքամարտիկի խոսքով, եթե իր որդին կանոնակարգ խախտած լիներ, ապա կպատժվեր միջազգային ֆեդերացիայի կողմից:
Նշենք, որ նախորդ տարի ՊԲՀՖ բռնցքամարտիկները Լեհաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հրավերով Կելցեում մասնակցում էին միջազգային մրցաշարի, սակայն մրցումների կեսից հայ բռնցքամարտիկներին հեռացրին մրցաշարին, նշելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ուղարկել միջազգային ֆեդերացիա: Մրցաշարի այդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից մի քանիսին բաժին էին հասել ադրբեջանցի մրցակիցներ, արդյունքում հաղթանակները տրվեցին հարևան երկրի բռնցքամարտիկներին:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիան հայտարարում է, որ շարունակելու է մասնակցել միջազգային տարբեր մրցաշարերի, ինչպես նաև պրոֆեսիոնալ մենամարտերի ու բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը»,-ասված է հայտարարությունում:
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կավարտվի փետրվարի 4-ին: