Նորություններ

Վրաերթ Արարատի մարզում. 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Վիրաբ Ա-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Այնթափ գյուղի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 25-30 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» ԲԿ և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Մասիս» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության  Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն դասակի ավագ տեսուչներ Սահակ Ավետիսյանն ու Ստեփան Ադամյանը։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button