Շրջափակված Արցախում ցուցահանդեսներ են անցկացվել, բայց արվեստագետները չեն ստեղծագործում
Շրջափակման հետևանքով Արցախում մշակութային կյանքը մասամբ է կանգ առել: Ստեփանակերտցի քանդակագործ Արմեն Պետրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց, որ մանկապատանեկան բոլոր կենտրոնները փակ են: Դրանք հիմնականում գազով են ջեռուցվում: Ադրբեջանցիների կողմից գազամատակարարման դադարեցումից հետո արտադպրոցական հաստատություններն այլևս չաշխատեցին՝ ջեռուցման բացակայության պատճառով: Էներգամատակարարման համակարգը չծանրաբեռնելու համար հաստատություններում հոսանքով ջեռուցում չի ապահովվում, հոսանքը խնայում են բնակչության համար: Բայց Արցախի թանգարանները, պատկերասրահներն ու մշակութային մյուս հաստատությունները, ըստ Արմեն Պետրոսյանի, դեռ աշխատում են:
«Էդքան էլ չենք մրսում, դիմանում ենք, բայց որպեսզի թանգարանների ցուցանմուշները չվնասվեն, մեկ-մեկ էլեկտրական ջեռուցիչներ ենք միացնում»,-ասում է արցախցի քանդակագործն ու ավելացնում. «Բայց թանգարաններում շատ չեն այցելուները: Զբոսաշրջիկներ արդեն չենք էլ տեսնում, երևի գնացել են: Առաջ ռուս զինվորականների ընտանիքների անդամներն էին նաև մշակութային հաստատություններ այցելում, հիմա նրանք էլ չկան, անգամ քաղաքում չենք հանդիպում: Երևի ավելի ապահով տեղ են տեղափոխվել: Մեզ մոտ հայաստանցիներ դեռ կան, ովքեր եկել են, շրջափակման հետևանքով մնացել ու մինչև հիմա չեն կարողանում վերադառնալ: Տեղացիներն էլ հիմնականում իրենց հոգսերով են զբաղված, մշակութային օջախներ չեն այցելում»:
«Շրջափակման պայմաններում մենք 2 ցուցահանդես ենք բացել Արցախում: Ստեփանակերտի պատկերասրահում այս օրերին անցկացվել է «Իմ հայրենիք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ավելի քան 20 երկրների, այդ թվում՝ Արցախի, Հայաստանի, Իտալիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ռուսաստանի Դաշնության լուսանկարիչների 120 գործեր»,- նշում է քանդակագործը:
Ըստ Արմեն Պետրոսյանի՝ այս ցուցահանդեսը շրջագայել է ամբողջ Արցախում՝ Ասկերանում, Մարտակերտում և այլուր: Այն պիտի բացվեր 2020 թվականին՝ Շուշիում, բայց պատերազմը խանգարեց, իսկ 2 տարի անց շրջափակված Արցախում բացվեց: Կազմակերպիչների նախաձեռնությամբ ցուցահանդեսին են միացվել նաև երեխաների աշխատանքները, որտեղ հիմնականում պատերազմի ժամանակ արված լուսանկարներն են:
Քանդակագործի խոսքով՝ արվեստագետները հիմա չեն ստեղծագործում, մի տեսակ կանգ է առել ամեն ինչ, հնարավորություններն էլ պակասել են: Իր վերջին գործն էլ է կիսատ մնացել, ավելի քան 2 տարի է շարունակել չի կարողանում:
«Վերջին աշխատանքս Գարեգին Նժդեհի արձանը քանդակելն էր: 2020 թվականի սեպտեմբերի 25-ին այն տեղափոխեցինք Մարտունի քաղաք, պիտի տեղադրելուց հետո շարունակեի գործս, բայց խնդիրներ առաջացան: Սկզբում պատերազմը սկսվեց, հետո էլ ռուս զինվորականներն էին պահանջում արձանը հեռացնել: Ավելի քան 1 տարի խնդիրը կար, հիմա այն հարթվել է, ու պիտի գնամ կիսատ գործս շարունակելու: Արցախում հիմա ամեն ինչի ֆինանսավորումն է կանգ առել: Բայց մենք չենք նեղվում դրանից»,- ասում է Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Արցախում էներգամատակարարման ամբողջ բեռն ընկած է խորհրդային տարիներին կառուցված Սարսանգի ջրամբարի վրա: Հայաստանից հոսանք չի ստացվում, ադրբեջանցիները մալուխները կտրել են: Ջրամբարի արտադրած հոսանքն էլ բավարար չէ Արցախի էներգետիկ ամբողջ պահանջարկն ապահովելու համար: Հովհարային անջատումներ են, օրական 6 ժամ հոսանք չկա, համակարգի ծանրաբեռնվածությունից հաճախակի են դարձել վթարային անջատումները: Մոտ 50 օր շրջափակված Արցախում Արմեն Պետրոսյանն ասում է, որ արդեն 1 ամիս է փակ են մրգեղենի խանութները, շուկաները, մեկ-մեկ գյուղացիները կանաչի են բերում վաճառում, կարտոֆիլ ընդհանրապես չկա: Կտրոնային համակարգով մատակարարվող սնունդը թեև հերիքում է, բայց դարձյալ բավարար չէ: Ամենածանրը նորածիններ ունեցող ընտանիքների վիճակն է: Մանկական կերեր, տակդիրներ էլ չկան:
Կարինե Կազարովա