Նորություններ

Միացյալ Նահանգները կշարունակի անել հնարավորը՝ խրախուսելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ամբողջական վերականգնումը. Փրայս

Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք ընդգծել ենք, որ Լաչինի միջանցքով բնականոն առևտրային և մասնավոր տեղաշարժի շարունակական խոչընդոտները բնակիչների համար առաջացնում են սննդի, վառելիքի և դեղորայքի պակաս: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման պարբերական խափանումներն է՛լ ավելի են խորացնում վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, ներառյալ՝ առևտրային և մասնավոր ուղևորությունները: Պետք է ելք գտնենք այս փակուղուց, որը կապահովի այդ տարածքում բնակվող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք կարծում ենք, որ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են։ Շարունակում ենք հավատարիմ մնալ կայուն խաղաղության աջակցմանը: Մենք թե՛ խոսքով, թե՛ գործով ցույց տվեցինք կողմերի հետ փոխգործակցելու մեր պատրաստակամությունը՝ լինի դա երկկողմ թե բազմակողմ՝ ԵԱՀԿ-ի միջոցով, թե եռակողմ՝ բանակցությունների սեղանի շուրջ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է Փրայսը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կշարունակի անել հնարավորը՝ խրախուսելու կողմերի միջև երկխոսությունը և միջանցքով ազատ տեղաշարժի ամբողջական վերականգնումը:

«Մենք սերտորեն համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ընթացիկ մարտահրավերին, որին մենք բախվում ենք Լաչինի միջանցքում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը և հակամարտությանը՝ ավելի լայն իմաստով։ Այդ պատճառով մենք մեր տեղեկությունները կիսում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ»,- նշել է պետքարտուղարության խոսնակը։

Back to top button