ՆորություններՍպորտ

Հայաստանի մասին գիտեի, քանի որ ինձ դուր էր գալիս Մխիթարյանը. Յոն Սուն Կիմ

Սոն Հին Մին, Ջի Սուն Պարկ, BTS, K-Pop, դորամաներ… ի՞նչ եք առաջինը պատկերացնում դուք Հարավային Կորեա երկրի անունը լսելիս։

Այս ամենի մասին, և ոչ միայն, ArmSport-ը զրուցել է «Նոայի» հարավկորեացի ֆուտբոլիստ Յոն Սուն Կիմի հետ, որը նախորդ տարվա ամռանն է համալրել երևանյան ակումբի շարքերը:

-Ինչպե՞ս հայտնվեցիր Հայաստանում։

– Երբ թիմ էի փնտրում, «Նոա» անունով ակումբը հետաքրքրություն ցուցաբերեց և  թիմին միանալու առաջարկ արեց: Այսպես ես եկա Հայաստան:

-Ինչպիսի՞ն էր կարիերադ մինչ այստեղ գալը։

-Այստեղ եկել եմ Գերմանիայից (գերմանական Օբերլիգան ներկայացնող «Սենտ Տունիից»՝ հեղ․), բայց ֆուտբոլ խաղալ սկսել եմ իմ երկրում. K-League U18 թիմում, քոլեջի թիմում, Կորեայի ֆուտբոլի առաջնությունում խաղալուց հետո տեղափոխվեցի Գերմանիա:

-Քոլեջի թիմում խաղացել ես այնտեղ սովորելու տարիների՞ն:

-Այո, անունը Հաննամ համալսարան է: Այնտեղ սովորում էի Սպորտային մանկավարժություն և մարդու մարմին, բայց ուժերս ավելի շատ ներդնում էի ֆուտբոլի մեջ:

-Մինչ այստեղ գալը Հայաստանի մասին գիտեի՞ր, թե՞ «Նոայից» առաջարկ ստանալուց հետո սկսեցիր տեղեկություններ փնտրել:

-Առհասարակ, գիտեի, որ Հայաստան անունով երկիր կա: Շատ բան չգիտեի դրա մասին, բայց երկիրը գիտեի, որովհետև ինձ դուր էր գալիս Հենրիխ Մխիթարյանը:

-Գիտե՞ս, որ, օրինակ, Հայաստանում մեծ տարածում են գտել կորեական դորամաները ու K-pop երաժշտությունը։

-Ի սկզբանե չգիտեի, բայց տեսա YouTube-ում, ինչպես նաև տեսա, որ Երևանում երեխաները պարում են K-pop երաժշտության տակ:

-Դու ունե՞ս սիրած խումբ և սերիալ։

-Սիրում եմ BTS-ը և Blackpink-ը: Ինչպես նաև դորամաներից «Կաղամարի խաղն» (Squid Game) եմ սիրում:

-Իսկ դու հայկական երաժշտություն լսո՞ւմ ես:

-Ցավում եմ, բայց այնքան էլ շատ չեմ լսել հայկական երաժշտություն:

-Հայաստանն ինչպիսի՞ն է քո աչքերով։ Քեզ դո՞ւր է գալիս այստեղ ապրելը:

-Հայերն իսկապես ընկերասեր են, իսկ սպորտային միջավայրը լավն է, այնպես որ Հայաստանում ապրելն էլ լավ է:

-Շա՞տ է տարբերվում ձեր երկրից:

-Ոչ այնքան:

-Այդ դեպքում ինչո՞վ է նման:

-Ռեստորանային ոլորտը զարգացած է. շատ սրճարաններ կան: Տարին 4 եղանակ ունի, ուստի բոլոր եղանակների մրգերը բավականին նման են, եղանակն էլ նույնն է:

-Հայաստանի Պրեմիեր լիգայի մասին ի՞նչ կասես:

-Այստեղ լավ հմտություններ ունեն: Ցավոք, երկրպագուները մարզադաշտում այնքան էլ շատ չեն:

-Ի՞նչ ես կարծում՝ ակումբներն ու ֆուտբոլիստներն ինչպես կարող են երկրպագուներին մարզադաշտ բերել։

-Անկեղծ ասած, չգիտեմ։

-Կորեայում շա՞տ մարդիկ են գալիս մարզադաշտ։

-Նախորդ տարի առաջին դիվիզիոնի խաղերի միջին հաճախելիությունը մոտ 5000 հոգի էր։

-Ֆուտբոլը Կորեայում ամենամասսայակա՞ն սպորտաձևն է։

-Կորեացիներն ամենաշատը սիրում են ֆուտբոլ, բասկետբոլ և բեյսբոլ։

-Իսկ ֆուտբոլային հերոսը Սոն Հին Մի՞նն է։

-Այո՜։ Բոլորը երազում են նրա պես ֆուտբոլ խաղալ։ Նրանից առաջ էլ Ջի Սուն Փարկն էր։

-Վերադառնանք ՀՊԼ-ին․ ինչպե՞ս է ընթանում «Նոայի» նախապատրաստական շրջանը։

-Մարզվում ենք, թիմի բոլոր խաղացողները քրտնաջան աշխատում են։

-Հաշվի առնելով, որ «Նոան» այս պահին եզրափակում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակը, թիմը ի՞նչ շանսեր ունի մրցաշրջանի մյուս հատվածում։

-Մտածում ենք մրցաշարային աղյուսակի մասին, բայց հաղթանակներից կուտակած միավորներն ավելի կարևոր են։

-«Նոան» ո՞ր տեղում կարող է ավարտել մրցաշրջանը։

-5-րդ։ Մենք կարող ենք անել դա։

-Հայաստանի ամենաուժեղ ակումբը ո՞րն է։

-Կարծում եմ՝ «Ուրարտուն» կամ «Փյունիկը»։

-Իսկ դու, առհասարակ, ո՞ր թիմում ես երազում խաղալ։

-«Մանչեսթեր Յունայթեդում»։

-Մի՞շտ ես սիրել ՄՅՈՒ-ն։

-Այն ժամանակվանից, երբ Ջի Սուն Փարկն այնտեղ էր հանդես գալիս, ես երազում էի այդ թիմում խաղալու մասին։

– Իսկ հիմա երբ խաղում են ՄՅՈՒ-ն ու «Տոտենհե՞մը»․․․

-Ուրախանում եմ Սոն Հին Մինի գոլերով, բայց ՄՅՈՒ-ի հաղթանակով։

-Վերջերս ՄՅՈՒ-ն ավելի լավ է հանդես գալիս, կարծում եմ՝ սկսել ես ավելի շատ սիրել այն․․․

-Այո, ճիշտ է։ Վերջերս ՄՅՈՒ-ի ելույթները շատ են փոխվել, ուստի ես ավելի երջանիկ եմ։

-Ո՞վ է այն ֆուտբոլիստը, որի հետ երազում ես խաղալ։

-Սոն Հին Մինը և Կրիշտիանու Ռոնալդուն։

-Այսինքն, ուզում ես, որ Սոնը «Մանչեսթեր Յունայթե՞դ» տեղափոխվի։

-Այո։

-Իսկ ի՞նչ ես անում երազանքներիդ հասնելու համար։

-Կարծում եմ՝ պիտի աշխատել և ապրել՝ կենտրոնանալով մարզումների վրա։ Ուտել, խմել, ինչ-որ բան դիտել, քնել, բայց ամեն ինչ կապել մարզումների հետ։

armsport.am

Back to top button