Իրանի համար կարեւոր է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի համար կարեւոր է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը։ Այս մասին Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի 26-րդ նիստի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, գրում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում նոր իրադարձությունները, հրադադարի համաձայնագիրը նոր պատուհաններ եւ հնարավորություններ են բացել տարածաշրջանում կայունության եւ ինտեգրման համար։
Նա նաեւ նշել է, որ Իրանի համար կարեւոր է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը՝ հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «միշտ աջակցել եւ աջակցելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։
Իրանցի դիվանագետն ընդգծել է հարաբերությունների ընդլայնման երկկողմ ներուժը հատկապես տնտեսական եւ առեւտրային ոլորտներում՝ հույս հայտնելով, որ երկկողմ առեւտրային հարաբերությունները կընդլայնվեն իրական պլանավորման եւ լուրջ կամքի շնորհիվ։